![]()
Անդրադառնալով նախօրեին ՊՇՌ թեստ հանձնելու Սահմանադարական դատարանի կայացրած որոշմանը և հիմք ընդունելով հանրության շրջանում տարածվող թյուրընկալումը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ անդրադառնում է թեմային:
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Գերատեսչության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հավաստել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է և, այսպիսով, ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական: Քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել կա՛մ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ:
Իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակի սահմանումը, Սահմանադարական դատարանի որոշմամբ, դուրս է առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից:
Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
![]()