![]()
Ազգային ժողովում ընդիմադիր դաշտը զբաղեցնող քաղաքական ուժերը մերժել են վարչապետի հետ երկրի համար կարևոր անվտանգային հարցերը փակ ռեժիմով քննարկելու առաջարկը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։
«Մեր երկրի ցավերից մեկն էլ այսպիսի անօրակարգ ու անբովանդակ խորհրդարանական ընդիմությունն է:
Առաջին հայացքից փորձառու, պետական համակարգում աշխատած մարդիկ են, սակայն…
Մարդիկ այդպես էլ չհասկացան ինչի համար են Ազգային ժողովում և ինչ են ուզում ընդհանրապես:
Պատրաստ են ամեն օր խոսել երկրի անվտանգությունից, պահանջել հանդիպում վարչապետի հետ, բայց երբ պահը գալիս է բովանդակային խոսակցության, վախենում են: Վախենում են, որովհետև գիտելիքը ենթադրում է պատասխանատվություն: Վախենում են իմանալ իրողություններ, որից հետո միգուցե իրենց բոցաշունչ անբովանդակ ելույթները նույնիսկ իրենց համար լինեն անհասկանալի: Այսպես ձեռնտու է՝ իրենք ոչ խնդրից են տեղյակ, ոչ էլ լուծում են կարող առաջարկրել:
Այսպես էլ մեր երկինը մնացել է երկու քարի արանքում՝ ապիկար իշխանության ու անբովանդակ ընդիմության:
ԱԺ-ում հավաքվածներն այդպես էլ չհասկացան, որ շոուներից ու հայհոյանքից բացի բովանդակության կարիք կա: Չհասկացան, որ երկրի առաջ ծառացած խնդիրները օր օրի ավելի են բարդանում ու լուծումները դեռ երեկ էր պետք գտնել:
Այդպես էլ չսովորեցին պետության շահը սեփական ու խմբային շահերից ու ամբիցիաներից վեր դասել:
Այս ամենի ֆոնին, մնում է ուղղակի մեզ բոլորիս համբերություն ու միմյանց լսելու կարողություն մաղթել»,- գրել է նա:
Նշենք, որ այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություները վերահաստատել են փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը։
![]()