![]()
«Եթե քաղաքի գլխավոր փողոցներով քայլեք, կտեսնեք, որ երեք տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել: Մաշտոցի պողոտայում գովազդները շատացել են, փողոցային առեւտուրը մնացել է նույնը, գարշահոտ անցումը չի բարեկարգվել, ծառերի ու մայթերի վիճակն է՛լ ավելի է վատացել»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը՝ խոսելով քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այս տարիներին կատարած աշխատանքի մասին:
Անդրադառնալով քաղաքապետի այն հայտարարություններին, որոնց համաձայն՝ այս ընթացքում բարեկարգվել է տրանսպորտային համակարգը, փոխարինվել են վերելակները, կարգավորվել աղբահանության հիմնարկի աշխատանքը՝ Մնացականյանն ասում է. «Ես պատրաստ եմ ասել, թե այդ երեքը որքան թերացումներով են արել: Եթե 3 տարվա մեջ քաղաքապետն ընդամենը երեք բան է արել, այսինքն՝ տարին մեկ գործ, սա լուրջ մտածելու տեղիք է տալիս»:
Վիկտոր Մնացականյանը, չցանկանալով քաղաքական գնահատական տալ Մարությանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալուն, շեշտում է՝ քաղաքապետին (հատկապես պաշտոնավարման առաջին երկու տարում) հսկայական աջակցություն է ցուցաբերել հենց այդ քաղաքական թիմը:
Մնացականյանի խոսքով՝ երբ Մարությանը նոր էր ստանձնել քաղաքապետի պաշտոնը, վերջինիս վարկանիշը շատ ցածր էր, քաղաքական թիմն է նրան աջակցել, որ բարձրանա:
«Ես հիշում եմ մի շատ կարեւոր բան. այն ժամանակ, երբ «Սանիթեք» ընկերության հետ աշխատանքը «կատաստրոֆա» էր դարձել մեր քաղաքի համար, Մարությանի ռեյտինգն էլ, որպես քաղաքապետի, զրո տոկոս էր, նրան առաջին հերթին օգնում էին հենց վարչապետը եւ քաղաքական թիմը: 3-4 ամիս քաղաքապետի սխալ մենեջմենթի պատճառով ամաչել ու գլուխ է կախել հենց այդ քաղաքական թիմը: Չգիտեմ՝ այդ ժամանակ, երբ բոլորն ամեն կերպ աջակցում էին նրան, նա ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնե՞ց, թե՞ ոչ»,- անուղղակի հարցադրում է անում Մնացականյանը:
Վարչական շրջանի նախկին ղեկավարն ընդգծում է՝ բազմիցս քննադատել է քաղաքապետարանի թերացումները և խորհուրդ տվել ուշադիր լինել հատկապես Կենտրոնին: «Ինչո՞ւ կենտրոնին, որովհետեւ Երեւանի մշակութային օջախները, կարևոր ամեն ինչ Կենտրոնում են: Երեւանի բնակիչներն իրենց ժամանցը ցանկանում են անցկացնել Կենտրոնում, մասնակցել որեւէ մշակութային միջոցառման: Սակայն այս մարդկանց համար առաջին հերթին խնդիր է տրանսպորտը, հետո մեքենա ունեցողների մեքենայի կայանման հարցը: Սա խոսում է մի բանի մասին. քաղաքապետը չի կարողացել համաչափ զարգացնել»,- ասում է նա:
Նրա խոսքով՝ նոր քաղաքապետի հետ հնարավոր կլինի այդ հարցերին լուծում տալ: (Քաղաքապետի պաշտոնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը):
«Կարծում եմ՝ այս պահին նա ամենալավ տարբերակն է: Բացի լավից, ոչ մի վատ բան չեմ կարող ասել: Լիահույս եմ, որ ամեն ինչ լավ կլինի, նրա կողքը կհավաքվեն ու նորմալ կաշխատեն: Եվ հետո, Սարգսյանը նաեւ փորձառություն ունի թե՛ տրանսպորտի, թե՛ այլ խնդիրների կարգավորման հարցում»,- կարծում է Մնացականյանը:
Ըստ նրա՝ քաղաքի բարեկարգմամբ պիտի զբաղվեն ոչ թե ինչ-որ անհասկանալի անհատներ կամ կազմակերպություններ, որոնք տենդերներ են շահել, այլ իրական մասնագետները: «Այս երեք տարվա մեջ մի նոր հասարակական տարածք չի ստեղծվել, կոնցեպտուալ որեւէ նոր բակային բարեկարգում չեղավ: Քաղաքը մութ է, մենք այս երեք տարում որեւէ քայլ չենք արել այդ ուղղությամբ: Լուսավորությունը նախ գեղեցկություն է, իսկ ամենակարեւորը՝ այն իր հետ բերում է ապահովություն»,- նկատում է նա:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
![]()