Հայաստանը սուր շնչառական վարակների ամենաբարձր ակտիվության փուլում է գտնվում

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում նկատվում է սուր-շնչառական վարակների ակտիվություն: Դեպքերը շատ են ինչպես պոլիկլինիկաներ դիմելու, այնպես էլ տարբեր բժշկական կենտրոնների դիմելիության և շտապօգնության կանչերի ցուցանիշով:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետո զրույցում ասում է՝ դեպքերը գրեթե 1,5 անգամ ավելի են՝ համեմատած նախորդ տարվա հետ: Դեկտեմբերի 17-ի դրությամբ սուր-շնչառական վարակների դեմ բուժում է ստանում 661 անձ, որից 94,5 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են: Սակայն այս թիվը փոփոխական է:

«Բարձր ակտիվություն կա Արարատի, Արմավիրի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում և ամենից շատ՝ Երևան քաղաքում: Դեկտեմբերի 17-ի դրությամբ 18 երեխա բուժում է ստանում մանկական բժշկական կենտրոններում՝ «Մուրացան», «Արաբկիր» և «Սուրբ Աստվածամայր»: Մեզ մոտ հիմա տարածված է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վարակիչ վիրուսը: Ամենօրյա մշտադիտարկում ենք անում»,- մանրամասնում է համաճարակաբանը:

Գրիպից ու ադենովիրուսից բացի, այժմ Հայաստանում ևս 7-8 տեսակի վարակիչ հիվանդություններ են շրջանառվում։ Սուր-շնչառական վիրուսի ախտանշաններն են՝ թուլությունը, ջերմության բարձրացումը, հարբուխը, կոկորդի ցավը, մկանացավը: Գրիպի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում բուժում են ստանում 0-4 տարեկան երեխաներ, որոնք խոցելի են, և բուժումը նրանց մոտ բարդ ընթացք է ունենում: Սուր-շնչառական վիրուսների դեպքերը, ըստ Խաչատրյանի, լինում են միջին ծանրության: Վերակենդանացման բաժանմունքներում մեծահասակներ չկան:

Այդ վարակները նաև համակցվում են կորոնավիրուսային հիվանդության հետ. այդպիսի մի դեպք կա, երբ հղի կինը վարակվել է քովիդով և սուր-շնչառական վարակով: Դրանց համակցումից հավելյալ բարդություններ առաջանո՞ւմ են, թե՞ ոչ, Խաչատրյանը նշեց. «Հղիի վիճակը կայուն է, մեզ ամեն օր զեկուցում են նրա առողջական վիճակի մասին: Հիմա նորմալ ընթացք է նրա մոտ, բայց պետք է զգոն լինեն, որպեսզի ավելորդ բարդություններ չառաջանան: Բարդություններ կարող են լինել թոքաբորբի տեսքով, բրոնխիտների, վերին շնչառական և ստորին շնչառական ուղիների բորբոքումը»:

Հայաստանում և ամբողջ աշխարհում սուր-շնչառական վարակների ակտիվության սեզոնը սկսվել է հոկտեմբերի 1-ից: Հիմա մենք գտնվում ենք գրիպի սեզոնի 53 շաբաթականում:

Համաճարակաբանի խոսքով՝ Հայաստանը մոտենում է սուր-շնչառական վարակների ակտիվության ամենաբարձր փուլին: Պաշտպանվելու կանոնները շատ պարզ են, ինքնաբուժումը՝ հակացուցված: Դրանց դեմ պայքարելու հիմնական և արդյունավետ միջոցը գրիպի և կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելն է: Առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերին՝ հղիներին, 6 ամսականից սկսած երեխաներին, խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև փակ կազմակերպություններում գտնվող մարդկանց:

Քովիդի և գրիպի պատվաստումները միմյանց չեն խանգարում, և անձը դրանք կարող է ընդունել միաժամանակ: Ինչպես կորոնավիրուսի դեմ պատվաստումից, այնպես էլ գրիպի դեմ պատվաստվելուց 14 օր անց է անձի մոտ ձևավորվում վիրուսի դեմ պայքարելու իմունիտետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ