«Մի փոքր փակագծեր բացեմ․․․գտնվեցին անձինք, ովքեր միայն «լայն» օրերի ընկեր էին․․․»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել,  որտեղ ասվում է

Մի փոքր փակագծեր բացեմ։

Պետական ապարատի տարբեր գերատեսչություններում մինչ 2020 թվականի Արցախյան պատերազմն անընդհատ աշխատանքի առաջարկներ էի ստանում, բայց հրաժարվում էի, որովհետև աշխատանքի կարիք չունեի։

Վսատահ եմ, կհիշեք, պատերազմից հետո երկրում ճգնաժամ էր, անընդհատ սահմանային միջադեպեր, արտաքին մարտահրավերներ, լարված ներքաղաքական դաշտ, պետության համար առանց այն էլ ծանր ժամանակաշրջանում ընդդիմության ակցիաներ, փակ փողոցներ, հարձակումներ պետական ինստիտուտների վրա, մի շարք «ռոմանտիկների» կողմից անընդհատ հեղաշրջման ու բռնության կոչեր ու իշխանության հասցեին անհիմն մեղադրանքների տարափ։

Երկրի համար ստեղծված հենց այդ օրհասական իրավիճակում էլ որոշում կայացրեցի ընդունել առաջարկն ու աշխատանքի անցնել կառավարությունում, որովհետև օգնել ու սատար կանգնել էր պետք, պետք էր օգնել ոչ միայն խոսքով, այլ նաև իրական գործով, որպեսզի կարողանայինք հաղթահարել պետության համար այդ ծանր ու օրհասական օրերը։ Հետհայաց անդրադարձ կատարելով՝ վստահ եմ, շատ-շատերը կփաստեն, որ երկրի համար բավականաչափ ծանր ժամանակաշրջան ենք հաղթահարել։

Բայց, ցավոք սրտի պատերազմից հետո եղան նաև անձինք, ովքեր եթե մինչ պատերազմը իշխանության ու իշխանական թիմի անբաժանելի մասն էին, ապա պատերազմից հետո շտապեցին լքել այդ թիմը, չեմ կարող ասել, վախերից դրդված, ունեցածը պաշտոնը չկորցնելու համար, իշխանության հետ պատերազմի պարտության պատասխանատվությունը չկիսելու համար, թե քաղաքական նոր հանգրվան գտնելու պատճառով։

Մի բան հստակ էր, գտնվեցին անձինք, ովքեր միայն «լայն» օրերի ընկեր էին, և չնայած նրան, որ իրենց գրանցած քաղաքական հաջողությունների համար պարտական էին հեղափոխական թիմին, պատերազմի պարտությունից հետո առաջինը լքեցին այդ նույն թիմը։ Թերևս այս ամենը լավ կհասկանան նրանք, ովքեր երբևէ հայտնվել են դժվարին իրավիճակում, իսկ նման իրավիճակում հայտնվելուց հետո վերջիններիս լքել են հենց ամենամտերիմ ընկերները։

Թե ինչպես որակել այս ամենը, դատեք ինքներդ, բայց ինձ համար մի բան հստակ է, նման մարդկանց հետ անհնար է և պետք չէ աշխատել, քանզի ցանկացած վայրկյան կարող են մեջքից հարվածել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ