![]()
Ամանորյա տոներին ընդառաջ ամեն տարի Երեւանի թատրոնները տոնական ներկայացումներ ու միջոցառումներ են պատրաստում երեխաների համար: Որպես կանոն՝ չկա տարի, երբ գոնե մի քանի թատրոն տոներին հատուկ նվիրված պրեմիերաներ չունենան: Սակայն շատ հաճախ հանդես են գալիս նաեւ նախկինում արդեն բեմադրված ու սիրված ներկայացումներով:
Հայկական ժամանակ»-ը առանձնացրել է մոտակա օրերին սպասվելիք ներկայացումները: Ստորեւ ներկայացնում ենք դրանց օրը, ժամը, վայրն ու արժեքը:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 23-ին, 24-ին, 25-ին եւ 26-ին տեղի կունենա Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկը») երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան: Համաշխարհային բալետային արվեստի ամենապահանջված ստեղծագործություններից մեկը՝ «Շչելկունչիկ»-ը, առաջին անգամ է բեմադրվում Հայաստանում:
Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 25-ին տեղի կունենա «Մատնաչափիկը» ներկայացումը: Ամանորյա հեքիաթ-ներկայացումը (մյուզիքլ) փոքրիկների համար պատրաստել են հայ թատրոնի ճանաչված եւ սիրված դերասանները։ Այն մանուկները կարող են վայելել նաեւ դեկտեմբերի 26-ին եւ 27-ին՝ ժամը 11:00, 13:00, 15:00, 17:00-ին: Մանուկներին խոստանում են տեղափոխել գունեղ, հետաքրքիր, ուրախ, ամանորյա մի հրաշալի հեքիաթային աշխարհ՝ լի անակնկալներով։ Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 2500, 3000, 4000 դրամ է:
Դեկտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին՝ ժամը 13:00-ին, 15:00-ին, 17:00-ին
Ճարտարապետների միության դահլիճում երեխաների համար կներկայացվի «Ամանորը Մադագասկարում» զվարճալի մանկական ամանորյա ներկայացումը։ Ներկայացմանը մասնակցում են տիկնիկներ, կերպարներ, իրական կենդանիներ, ծաղրածու։ Ներկայացման ձևաչափը՝ 3+ է: Մինչեւ 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է՝ ծնողի ուղեկցությամբ:
Պատանի հանդիսատեսի թատրոնում էլ խոստանում են ամենահեքիաթային ներկայացումը՝ «Ռաապունցելը»՝ ամենագեղեցիկ մատուցմամբ: Դեկտեմբերի 22-ից հունվարի 13-ը: Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Ձմեռ պապի գաղտնիքը» մանկական ինտերակտիվ ներկայացումը: Այն կլինի օրը 3 սեանսով՝ ժամը 13:00-ին, 15:00-ին եւ 17:00-ին: Մինչեւ 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում Մերի Մարգարյանն է մանկական ներկայացում բեմադրել, այն կոչվում է «Գծավորը»: Փոքրիկ Մերին իր ծննդյան օրը նվեր է ստանում մի արջուկ, որը տարբերվում է մնացած բոլոր արջերից, այն ո՛չ բրդոտ է, ո՛չ գորշ և ո՛չ էլ սպիտակ… Գծավոր է: Նա դառնում է Մերիի ամենասիրելի խաղալիքը: Այդ օրվանից փոքրիկ արջուկը կորցնում է հանգիստը՝ ցանկանալով հասկանալ, թե ո՞վ է ինքը եւ որտե՞ղ են իր հարազատները…: Ներկայացումը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին: Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000 դրամ է:
Բոհեմ թատրոնում դեկտեմբերի 25-ին սպասվում է ամանորյա մանկական, երաժշտական ներկայացում, որը կոչվում է «Ամանորը Էլֆոպիայում»: Մինչեւ 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000, 3500, 4000 դրամ է:
«Փոքր թատրոն» գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա «Հյուր Ձմեռ Պապին» ներկայացումը: Ներակայցմանը բոլորին հրավիրում են հյուր՝ սպասված, ջերմ ու անակնկալներով լի հանդիպմանը: Միայն խնդրում են ներկայանալ առօրիայից տարբերվող, տոնական հանդերձանքով եւ, ամենակարեւորը, չուշանալ։ «Եկեք Փոքր թատրոն՝ ձեր բաժին հրաշքի հետևից։ Ձմեռ Պապն անհամբեր սպասելու է ձեզ»,- ասվում է հայտարարության մեջ: Ձեւաչափը «5+» է, տոմսերի արժեքը՝ 2500 դրամ:
![]()