Կապը խզելը «խզարելու» երաշխիք չէ ․ Ո՞ւմ է ներկայացրել և որպես ո՞վ է հանդես եկել Հայկ Մարությանը անցած մեկ տարում

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու միջոցով Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը հարուցել է մի խումբ քաղաքացիների բողոքն ու անհամաձայնությունը։

«Իմ քայլը» (ԻՔ) քաղաքապետին անվստահություն հայտնելու հիմքերն ու պատճառները հանգամանորեն պարզաբանել է երեկ երեկոյան տարածված հաղորդագրության մեջ։ Մինչ դրան անդրադառնալը՝ փորձենք ձևակերպել դժգոհ քաղաքացիների բողոքի հիմնական ասելիքը։ Առաջին՝ «տեսան, որ աշխատող քաղաքապետ է՝ հանեցին», երկրորդ՝ «վերևների լոյալ կամակատարը չէր, դրա համար էլ որոշեցին հարցերը լուծել»։

Այս և նման ոճի մեկնաբանությունները պարզունակ լինելուց զատ՝ նաև, թույլ տվեք ասել, ցնորամտության ժանրից են, քանի որ իշխող ուժը առնվազն պետք է սադոմազոխիզմով տառապելիս լինի, որպեսզի որևէ պաշտնյայի պաշտոնանկ անի «լավ աշխատող» լինելու հիմքով։ Այն դեպքում, երբ 2018-ի հեղափոխությունից մինչ օրս քննադատվում է կադրային սխալ քաղաքականության, «ոչ կոմպետենտներին» ու «անփորձներին» պատասխանատու պաշտոններ վստահելու, երկրի կառավարումը «վարի տալու» համար։

Ավելորդ է նույնիսկ նշելը, որ երկրի համար բարդ ու պատասխանատու այս ժամանակաշրջանում պետությունը, առավել քան երբևէ, կարևորում է պրոֆեսիոնալ, ի շահ պետության և ի բարօրություն հանրության աշխատող կադրերի ներգրավումը կառավարման համակարգ՝ տեղական ինքնակառավարումից մինչև բարձր օղակներ։

Քանի որ խոսք գնաց պրոֆեսիոնալիզմից ու աշխատունակությունից, ապա այս համատեքստում հիշեցնենք, թե ինչպիսի էմոցիոնալ ցնցում ու հիասթափություն առաջացավ այն բանից հետ, երբ հեղափոխական թիմը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ԻՔ դաշինքի առաջին համար և հետևապես՝ քաղաքապետի պոտենցիալ թեկնածու առաջադրեց Հայկ Մարությանին։ Նրա առաջադրումը սվիններով ընդունած խմբակներն այսօր ստանձնել են փաստաբանի առաքելություն՝ մոռանալով, թե ինչպիսի կանխակալ գնահատականներ էին հնչեցնում իրենց պաշտպանյալի հասցեին ոչ վաղ անցյալում։

Բավական է միայն «Կարգին Հայկո», «քաղաքապետ» բառերով որոնում կատարել սոցցանցերում ու որոնողական համակարգերում, որպեսզի վերհիշենք Մարությանի հասցեին ուղղված՝ ընդհուպ գռեհկագույն քննադատությունների, պիտակավորումների ասորտիմենտը՝ «կլոունին ո՞նց եք քաղաք վստահում»-ից մինչև «Կարգին Հայկոն ոնց իրա հումորներով վարի տվեց մի ամբողջ սերունդ, նենց էլ վարի կտա հինավուրց մայրաքաղաքը»…

Ինչևէ։ Մարությանի հնարավոր պաշտոնանկությանը դեմ արտահայտվողներից ոմանք էլ, գուցե անտեղյակությունից, գուցե նաև միտումնավոր, անտեսում են այն հանգամանքը, որ ավագանին քաղաքական մարմին է, նրա կողմից ընտրվող քաղաքապետի պաշտոնն էլ քաղաքական պաշտոն է (քաղաքապետը, չմոռանանք, ավագանու անդամ է), ինչը ենթադրում է տեղական մակարդակում հանրության վստահության քվեն ստացած կոնկրետ քաղաքական ուժի քաղաքականության իրացում հիշյալ մարմնի միջոցով։ Եվ անկախ այն հանգամանքից, թե ով է զբաղեցնում քաղաքապետի պաշտոնը, նա իրականացնելու է իրեն առաջադրած քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը։ (Ի դեպ, ԻՔ-ն 50 կետից բաղկացած նախընտրական ծրագիր է ներկայացրել, որոնց մի մասը մասամբ իրականացվել է՝ վերելակների փոխում, տրանսպորտ և այլն)։ Միաժամանակ նկատենք, որ
Երևան քաղաքի կառավարումը նույնացվում է մեկ անձի՝ քաղաքապետի հետ, մինչդեռ մայրաքաղաքում տեղական ինքնակառավարումն իրականացվում է կոլեգիալ մարմնի կողմից, կոլեգիալ որոշումների սկզբունքով:

Իսկ կոլեգիալ մարմինը ավագանին է, որն էլ, ըստ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 11 հոդվածի, համարվում է ՏԻ բարձրագույն մարմինը: Հենց այդ մարմինն էլ վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ: Վաղուց անցյալում են այն ժամանակները, երբ քաղաքապետերը ավագանու անդամ չէին, նշանակվում ու ազատվում էին վերևների «դաբրոյով», ճաշակով ու քմահաճույքով՝ վարչապետի ներկայացմամբ, Հանրապետության նախագահի կողմից, քաղաքապետերն էլ հաշվետու և պատասխանատու էին կառավարության առջև: Այսինքն՝ տեղական ինքնակառավարման ահա այս մոդելն էր, որ մեծ էր դարձնում քաղաքապետերի՝ «լոյալ կամակատարների» վերածվելու հավանականությունը՝ դրանից բխող տեսանելի հետևանքներով։

Կապը խզելը «խզարելու» երաշխիք չէ

Այժմ անդրադառնանք ԻՔ դաշինքի պարզաբանման տեքստին, որում մասնավորապես նշում է. «Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում; Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը։ …Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ»:

Նախ՝ անդրադառնանք ՔՊ-ն լքելու հանգամանքին, ինչի մասին պաշտոնապես հայտարարվում է առաջին անգամ։ Փաստորեն, քաղաքապետը շուրջ մեկ տարի է՝ դադարել է լինել իրեն քաղաքապետի պաշտոնում առաջադրած կուսակցության անդամ, ավելին՝ դադարել է կիսել քաղաքական պատասխանատվությունն այդ կուսակցության հետ, սակայն այդ մասին միայն մեկ տարի անց է երևանցին տեղեկանում, այլն էլ՝ ոչ Մարությանի շուրթերով։ Սա առնվազն երկու հարցադրման տեղիք է տալիս՝ ինչո՞ւ է ԻՔ-ն միայն մեկ տարի անց փաստում Մարությանի կուսակցաթողությունը, և երկրորդ՝ չկիսելով ԻՔ-ի հետ քաղաքական պատասխանատվությունը, խզելով կապը ավագանու քաղաքական մեծամասնության հետ՝ ո՞ւմ է ներկայացրել քաղաքապետը անցած մեկ տարում։ Ստացվում է ինքնիրավչության պես մի բան, քանի որ քաղաքապետը հանդես է եկել ոչ թե որպես ԻՔ-ի քաղաքական ծրագիրն իրացնող քաղաքապետ, այլ պարզապես շարքային քաղաքացի Հայկ Մարության՝ զբաղեցնելով քաղաքապետարանի՝ քաղաքապետի համար նախատեսված կաբինետն ու ծախսելով միջոցները։ Այսինքն՝ գործ ունենք իր տեսակի մեջ եզակի՝ ինքզինքը ներկայացնող, «անկախ քաղաքապետի» հետ, որը, լինելով խմբակցության անդամ և միաժամանակ չկիսելով այդ խմբակցության հետ քաղաքական պատասխանատվությունը, այնուամենայնիվ շարունակել է կատարել ԻՔ-ի քաղաքական ծրագիրը, որի մաս է կազմում նաև նոր ավտոբուսների ներդրման՝ մեծ ցնծությամբ ընդունված որոշումը։

Պատկերացնենք մի իրավիճակ, երբ, օրինակ, Մարությանին նախորդած որևէ քաղաքապետ, ասենք՝ Տարոն Մարգարյանը, դուրս գար «մեծ ընտանիք» համարվող ՀՀԿ-ից (ձևակերպումը Է. Շարմազանովինն է), խզեր կապը այդ ընտանիքը Երևանի ավագանիում ներկայացնող ՀՀԿ խմբակցության հետ, հայտարարեր, թե այլևս ՀՀԿ-ի և նրա հայր Սերժ Սարգսյանի (բնութագրումը նույնպես Շարմազանովինն է) հետ չի կիսում քաղաքական պատասխանատվությունն ու իրեն հռչակեր անկախ քաղաքապետ…

Թե ինչպիսի դաստիարակչական պրոցեդուրաներ կհետևեին նման կեցվածքին՝ կարելի է ենթադրել, և բանը, հաստատ, միայն «Տարո՛ն ջան, սիրուն չի»-ով չէր ավարտվի։ Իսկ թե ինչ տեղի կունենար այն դեպքում, երբ նույն կեցվածքը որդեգրեր, ասենք, ԲՀԿ խմբակցությունից քաղաքապետ դարձած որևէ թեկնածու, սարսափելի է նույնիսկ պատկերացնելը։

Հ. Գ. Ի դեպ, Հայկ Մարությանը ՔՊ-ին անդամագրվելու փաստի մասին օպերատիվ կերպով իրազեկեց հանրությանը՝ իր ֆեյսբուքյան էջում լուսանկար և կից գրառում հրապարակելով. «Սիրելի հայրենակիցներ!!! Հենց նոր ստորագրեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է, և եկել է ժամանակը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում!!!
Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին!
Կաշը գնաաաաաց )))»:

Իսկ երբ «կաշը» այլևս դադարեց «գնալ», և Մարությանը դուրս եկավ ՔՊ-ից, նա, չգիտես ինչու, չցուցաբերեց նույն օպերատիվությունը՝ գերադասելով երևանցիներից թաքուն պահել իր այդ որոշումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ