Ընդդիմությունը  հաջորդիվ կպահանջի Իշխան Սաղաթելյանի հրաժարականը

Ընդդիմության ականջահաճո նախաձեռնությունների շղթան շարունակվում է․ այս անգամ թիրախում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է։ Աշխատելու և պետությանը այս ծանր ժամանակաշրջանում օգնելու փոխարեն՝ միջազգային կառույցներում աշխատանքներից հրաժարված խորհրդարանական ընդդիմությունը զբաղված է կեղծ  քաղաքական օրակարգերի սպասարկմամբ՝ մի կողմից պահանջելով Ալեն Սիմոնյանի, մյուս կողմից էլ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը՝ երկու դեպքում էլ չբերելով որևէ լուրջ հիմնավորում։ Այս նախաձեռնությունները տեղին ու ոչ ժամանակավրեպ կլինեին այն պարագայում, երբ դրանք հիմնավորված լինեին և անհերքելի փաստերով ապացուցված։ Այդ պարագայում դրանք կարող էին վայելել նաև հանրության լայն շրջանակների աջակցությունը։ Բայց դրանք այնքան հիմնազուրկ են, որ հանրության կողմից միայն ժպիտների ու ծաղրի են արժանանում։

Վստահ լինելով, որ չունեն բավարար ձայներ իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար, և որ իրենց նախաձեռնությունները մերժում են ստանալու իշխող մեծամասնության կողմից՝ ընդդիմության կողմից դրսևորվող տարօրինակ վարքագիծը վկայում է նրանց պարապ լինելու մասին, այլապես ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում նրանց քայլերը։

Կա տպավորություն, որ ընդդիմությունն իր առջև նպատակ է դրել ամեն շաբաթ հանդես գալ մի պաշտոնյայի հեռացման նախաձեռնությամբ։ Չի բացառվում,  որ նման տեմպերով շարունակելու դեպքում ընդդիմությունը կարճ ժամանակ անց հանդես կգա նաև ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի հրաժարականի նախաձեռնությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ