«Այնքան, որքան Քոչարյանի օրոք է ապականվել ՄԻՊ գրասենյակը, որեւէ մեկի օրոք չի արվել». Արուսյակ Ջուլհակյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր Factor-ի հետ ճեպազրույցի ընթացքում խոսեց ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցի մասին։

«Մենք բավականին երկար ենք քննարկել, թե ով կարող է լինել ՄԻՊ-ի պաշտոնում, եւ որոշել ենք առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Քրիստինե Գրիգորյանը, լինելով փոխնախարար, որը իհարկե քաղաքական պաշտոն է, աչքի է ընկել առավելապես մասնագիտական գործունեությամբ»,- ասաց Ջուլհակյանը։

Պատգամավորի խոսքով, ընդդիմությունը փորձում է ներկայացնել, թե իբր Քրիստինե Գրիգորյանը չունի բավականաչափ հեղինակություն, բայց դա չի համապատասխանում իրականությանը։

Լրագրողի հարցին, թե ընդդիմադիրներն ասում են, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է ապականել ՄԻՊ գրասենյակը, Ջուլհակյանը պատասխանեց, որ ընդդիմադիրները առհասարակ չունեն իրավունք խոսելու ՄԻՊ գրասենյակը ապականելու մասին։

«Այնքան, որքան ապականվել է ՄԻՊ-ի ինստիտուտը Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, որեւէ այլ՝ մասնավորապես մեր իշխանության օրոք նման գործելաոճ չի եղել»,- ընդգծեց պատգամավորը։

Ջուլհակյանը հիշեցրեց, որ երկրորդ նախագահի օրոք Հայաստանն ունեցել է երկու Մարդու իրավունքների պաշտպան՝ Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Հարությունյանը։ Երկու ՄԻՊ-երն էլ իրենց գործունեությունը դադարեցրել են ժամկետից շուտ։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ