![]()
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 16-ի նիստում ընդունված որոշմամբ` ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 25 միավոր «Կամազ-4308» մակնիշի ավտոմեքենաները հետ են վերցվել ու ամրացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Որոշման նախագծում նշված է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների արդյունավետ իրականացմամբ:
Ըստ նախագծի հիմնավորման` Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա պետական մարմին հանդիսացող Փրկարար ծառայությունը՝ ի թիվս այլնի, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի, որոնողափրկարարական, վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն ընդունել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամի նվիրատվությունը` 2 միավոր «ՈւԱԶ-23632-155» մակնիշի ավտոմեքենաները։ Դրանք կամրացվեն Պաշտպանության նախարարությանը նախարարության կարիքների համար շահագործելու նպատակով:
![]()