Ատեստավորման դեպքում ուսուցիչը կարող է 50% հավելավճար ստանալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի աշխատակարգը:

Այս մասին տեղեկանում ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Սահմանվել է, որ կամավոր ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումներն ընդունվում են մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը։ Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման ժամանակացույցը հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում Գնահատման, թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքերում՝ ոչ ուշ, քան մինչև օգոստոսի 20-ը:

Համաձայն 2021 թվականի հունվարի 26-ին հաստատված սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի` պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար կստանան: Կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, և 60 միավորից բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը կստանա հավելավճար: Կամավոր ատեստավորումը և ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգումը կատարվում են բացառապես ուսուցչի ցանկությամբ` նրա կողմից հայտ ներկայացնելու պարագայում:
Կամավոր ատեստավորման աշխատակարգով սահմանվել են ատեստավորվող ուսուցչի հայտի ընդունումը, առարկայական գիտելիքի ստուգման կազմակերպումը, անցկացումը, արդյունքների տրամադրումը, բողոքարկումը և հրապարակումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ