![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստւի ընթացքում հայտնեց, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը և պայմանավորվածությունը:
Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում:
«Այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և ՌԴ, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց՝ եթե հաջողվի որոշակի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ:
«Ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի: Բայց այս ամենն ասում եմ հետևյալի համար, որ մենք պիտի սկսենք երկաթուղու շինարարությունը: Իհարկե, մինչև շինարարությունը մեծ աշխատանք կա անելու»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ առաջիկա օրերին նեղ կազմով խորհրդակցություն կանցկացնեն, որ ավելի հստակեցնեն իրենց պատկերացումները, ժամանակացույցը, ճանապարհային քարտեզը։
![]()