![]()
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 25-ամյա Ալեքսանդր Գեղամի Խաչատրյանին:
Հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում:
Ալեքսանդր Խաչատրայնին զինվորական ծառայությունից ազատելը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
25-ամյա երիտասարդը 2012 թվականին ավարտել է Գյումրիի Լորդ Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 անգլիական դպրոցը: Նույն թվականին ընդունվել է ՌԴ Մոսկվա քաղաքի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարան (РГГУ)՝ ՀՀ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ քվոտայով և 2016թ. ստացել Բակալավրի աստիճան: Վերադառնալով Հայաստան՝ 2016թ. ընդունվել է ԳԱԱ ԳԿՄԿ-ի մագիստրատուրան և գերազանցությամբ ավարտել այն 2018 թվականին: Մագիստրատուրայում ուսանելու ժամանակ 2017 թվականին մեկնել է Չինաստան և փոխանակման ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ սովորել գիտակրթական կենտրոններից մեկում որպես օտարերկրյա ուսանող:
ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի թիվ 796-Ա որոշմամբ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տրվել է տարկետում։
2021 թվականի հուլիսի 26-ին նրան շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
![]()