Թուրքիայի հետ առանձնացված հարաբերությունները ՀՀ-ին տալիս են նրա հետ ուղիղ երկխոսելու հնարավորություն

Օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար ներկայացուցիչներ են նշանակելու։

Չավուշօղլուն ասել էր, որ «Կովկասում եղբայր Ադրբեջանի հետ միասին տարածաշրջանային խաղաղության և բարօրության կերտման համար ինտենսիվ դիվանագիտություն են վարում»։ Նա նաև հայտնել էր, որ առաջիկայում Թուրքիան Հայաստանի հետ սկսելու է Երևան-Ստամբուլ չարթերային թռիչքներ իրականացնել։

Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարություններին արձագանքել էր ՀՀ արտաքին հարցերով զբաղվող գերատեսչությունը՝ նշելով, որ ինչպես նախկինում միշտ, այնպես էլ այժմ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ ՀՀ-ն դրական է գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով բանագնացներ նշանակելուն և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բանակցություններ սկսելուն, նկատեց՝ կա մտադրություն երկու պետությունների կողմից էլ բանակցություններ սկսելու: «Բայց այս ամենը դեռևս բանակցություն անվանելը ճիշտ չէ, քանի որ բանագնացները պետք է որոշեն, թե ինչ օրակարգ է լինելու»,- կարծում է Սաֆարյանը:

Անդրադառնալով Չավուշօղլուի այն շեշտադրմանը, թե եղբայր Ադրբեջանի հետ տարածաշրջանում դիվանագիտություն է վարվում՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց՝ Ադրբեջանի հետ բանակցելու այլ ֆորմատներ ունի ՀՀ-ն՝ թվարկելով դրանք. «Մինսկի համախագաների ֆորմատը, մոսկովյան եռակողմ հանդիպումները և այլն: Պետք է հասկանանք, թե այս ֆորմատում ի՞նչ դեր է ունենալու Ադրբեջանը: Եթե Թուրքիան համարում է, որ իր օրակարգում Ադրբեջանը պարտադիր պետք է լինի, ապա հայկական կողմը որոշում կկայացնի՝ շարունակե՞լ այս ֆորմատը, թե՞ ոչ»:

Խոսելով բանագնացի դերի և նրա ընտրության մասին՝ քաղաքագետը նշեց՝ այստեղ հարցը միայն անձը չէ: «Հարցն այն է, թե ինչպե՞ս է ՀՀ-ն սահմանում իր ազգային օրակարգը և ի՞նչ է ցանկանում ստանալ այս ամենից: Հայաստանը պետք է առանձնացնի Թուրքիայի օրակարգն Ադրբեջանի օրակարգից: Բանագնացը պետք է լինի մարդ, որը պետք է ունակ լինի ամբողջ օրակարգն առաջ տանելու և միլիմետր անգամ չնահանջի հայկական շահերից»,- ասում է Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ Թուրքիայի հետ առանձնացված հարաբերությունները ՀՀ-ին տալիս են նրա հետ ուղիղ երկխոսելու հնարավորություն. «Սա նաև առանձին երկկողմ հարաբերության շատ սպեցիֆիկ անհատական շահեր է ստեղծում»:

Դիտարկմանը՝ կարո՞ղ է լինել այնպես, որ բանակցությունների արդյունքում ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանի շահերը չհամապատասխանեն Թուրքիայի դիրքորոշմանը, Սաֆարյանն ասաց՝ այո, կարող է լինել. «Եվ այդ դեպքում Թուրքիան պետք է ընտրի կա՛մ Ադրբեջանին, կա՛մ իր սեփական շահը»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Թուրքիան հնարավոր է՝ բանակցություններն սկսի կապել Արցախի խնդրի կարգավորման հետ: «Նախկինում Թուրքիան ցանկանում էր ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի ՀՀ-ն տարածքները վերադարձնի Ադրբեջանին: Հիմա նա հնարավոր է՝ փորձի արցախյան խնդիրը փակել, քանի որ դա էլ Ադրբեջանի օրակարգն է, իսկ Ադրբեջանն ինքուրույն չի կարողանում անել դա»,- ասում է նա:

Թուրքիայի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նկրտումների մասին խոսելիս էլ Սաֆարյանը նկատեց՝ այս միջանցքի առաջին շահառուն Էրդողանն է:

«Նա այս խնդիրն էլ է բերելու օրակարագ: Այս դեպքում պետք է աշխատի հայկական կողմի ճկունությունը, և խնդիրն ընդհանրապես դուրս բերվի հայ-թուրքական օրակարգից: Պետք է մենք հասկանանք՝ Թուրքիան ո՞ւմ է ներկայացնում, եթե Ադրբեջանին, ապա ի՞նչ հիմքով, ի՞նչ լիազորագրով: Եթե Թուրքիան չի կարողանում իր շահերը տարանջատել Ադրբեջանի շահերից, ապա հայ-թուրքական օրակարգ գոյություն չունի»,- այս տեսակետին է քաղաքագետը:

Խոսելով հայ-թուրքական պետական սահմանի բացման և դրա ռիսկերի մասին՝ Սաֆարյանը նկատում է՝ ռիսկեր միշտ էլ կան. «Եթե ՀՀ-ն ի վիճակի չէ ռիսկերը կառավարել, ապա մենք չունենք միջազգային հարաբերությունների մեջ մտնելու կարողություն: Եթե մեր կարողությունները թույլ են, ապա հստակ որոշում պետք է կայացվի փակ ապրել, բայց չզարգանալ: Բայց եթե մենք ուզում ենք մեզ պետության տեղ դնել, մենք պարտավոր ենք բոլոր ռիսկերը կանխատեսել և հակաազդել դրանց: Մենք ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրել ենք՝ Թուրքիան սպառնալիք է, իսկ մենք գրե՞լ ենք կամ գիտե՞նք, թե ինչպես ենք չեզոքացնելու այդ սպառնալիքը: Մենք փակ ենք եղել, բայց այդ սպառնալիքը չի չեզոքացել: Մենք հստակ ռազմավարություն պետք է ունենանք, եթե չունենանք, ապա ստացվում է, որ ո՛չ փակի դեպքում գիտենք՝ ինչ անել, ո՛չ բաց լինելու»:

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման նպատակով ներկայացուցիչներ նշանակելու Չավուշօղլու հայտարարությանն անդրադարձել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Վերջինս նշել էր, որ իրենք ողջունում և վճռական կերպով սատարում են հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունները:

Սաֆարյանը նկատում է՝ հարաբերությունների լավացմանը միտված քայլերը չեն կարող բացասական ազդակներ ստանալ:

Անդրադառնալով նաև ՌԴ-ի դիրքորոշմանը՝ նա կարծում է՝ Ռուսաստանն էլ շահեր ունի այս ամենից: «2009-ին, երբ առաջին փորձն էր արվում, Ռուսաստանը նույնպես ներառված էր դրա մեջ»,- եզրափակեց քաղաքագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ