![]()
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօր խորհրդարանում հանդիպում էին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Լիպարիտյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը, նշեց, որ ինքը միշտ համաձայն է եղել, որ կարգավորվեն մեր հարաբերությունները բոլոր հարևանների հետ:
Լրագրողների դիտարկմանը՝ ինքը մշակել էր «թուղթ ռազմավարությանը», որը որակվել էր որպես «սև թուղթ» Հայաստանի համար, Լիպարիտյանն արձագանքեց. «Իսկ ի՞նչ էիք ակնկալում, մարդիկ, որոնք իրատեսությամբ չեն ուզում մոտենալ և ցնորքներով են ուզում ապրել, ի՞նչ պետք է մտածեին այդ սպիտակ թղթի մասին, որը մտածելով քաղաքականություն վարելու հրավեր է»:
Լիպարիտյանը, անդրադառնալով նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, թե ի՞նչ հարաբերություններ հաստատես մի հարևանի հետ, որն ուզում է քեզ ոչնչացնել, նկատեց. «Արծվիկ Մինասյանն ապրել է Հայաստանում, մորթվե՞լ է, 30 տարի ասում է, որ մորթվելու ենք»։
Լիպարիտյանը խորհուրդ տվեց կարդալ իր գիրքը՝ ասելով՝ այնտեղ կան բոլոր հարցերի պատասխանները:
Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ինքը ԱՄՆ-ից գալ և բնակվել Հայաստանում այն դեպքում, երբ պատրաստվում է «թրքահայաստան» ստեղծել, Լիպարիտյանը պատասխանեց. «Այդ տեսակ հարցադրումները գալիս են այն մարդկանցից, որոնք, ըստ էության, իմ փաստարկների հետ չեն խոսում, այդ փաստարկները նկատի չունեն։ Այդ տեսակ հայհոյանք, հռետորական հարցերը գալիս են այն մարդկանցից, որոնք պատրաստ չեն քննարկել իմ ասածները: Ես գալիս եմ Հայաստան»,- ասաց նա և հավելեց՝ հետո կտեսնեն այստեղ կապրի՞, թե՞ ոչ:
Հարցին՝ Թուրքիայից և Ադրբեջանից Հայաստանի նկատմամբ վտանգ տեսնո՞ւմ է, Լիպարիտյանը պատասխանեց՝ ոչ:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
![]()