«Ես ծնվել եմ, ապրել ու միշտ պիտի երգեմ իմ երկրի ու քաղաքի մասին ու համար»․ Ձախ Հարութ

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երաժիշտ Հարութ Փամբուկչյանը, որն առավել հայտնի է Ձախ Հարութ բեմական անվամբ, երկար տարիներ է՝ ապրում է ԱՄՆ-ում, սակայն հայրենիքի հետ ինտենսիվ կապը չի կտրում: Երգիչը շատ հաճախ նաեւ զուգերգերով է հանդես գալիս Հայաստանում ապրող երգիչ-երգչուհիների հետ:

«Հայկական ժամանակի» զրույցը Հարութ Փամփուկչյանի հետ՝ ստորև․

— Պարոն Փամբուկչյան, Հայաստանը ծանր օրեր ապրեց: Այժմ էլ դեռ շատ հարցեր են անորոշ եւ չլուծված: Ինչպիսի՞ տրամադրություն է տիրում սփյուռքում ապրող հայերի շրջանում, ի՞նչ են մտածում դրսում ապրող մեր հայրենակիցները՝ լավատեսորե՞ն են տրամադրված, թե՞ անհանգստությունները չեն դադարում:

— Բնականաբար, ամենքս ամեն րոպե անհանգստանում ենք Հայաստանի ապագայի համար եւ աղոթում ու պատրաստ ենք ամենքս մեր հնարավորության սահմաններում կանգնել մեր երկրի կողքին, ինչի՞ մասին է խոսքը: Սակայն, այո՛, լավատեսությունը չի՛ դադարում, ու դա շատ կարևոր է, եւ վստահ եմ՝ շուտով, ի վերջո, գալու են Հայաստանի լուսավոր ժամանակները:

— Կարճատեւ այցով որոշ ժամանակ առաջ Դուք Հայաստանում էիք: Ի՞նչ նպատակով էիք եկել: Առաջիկայում համերգային ծրագրով կամ մշակութային որեւէ այլ նախաձեռնությամբ հանդես գալու մտադրություններ կա՞ն, թե՞ ոչ:

— Ամեն հարմար առիթի ես ուղղակի մեկ վայրկյան շուտ լինում եմ Երեւանում. այն իմ քաղաքն է, իմ տունը։ Ես ծնվել եմ, ապրել ու պիտի երգեմ միշտ իմ քաղաքի, իմ երկրի մասին ու համար, մի՛շտ:

— Դուք երկար տարիներ է՝ բնակվում եք ԱՄՆ-ում, սակայն, միեւնույն է, Ձեր երգացանկում անգլերեն երգեր չկան: Ինչո՞վ եք դա պայմանավորում:

— Ես հայ եմ ու պիտի միշտ երգեմ հայերեն, մեր հրաշալի ու կախարդական լեզվով հնարավորինս շատ ու միշտ: Անգլերեն երգեր կատարել եմ նպատակային պահերի կամ համագործակցությունների համար։ Չեմ բացառում, որ կարող են էլի լինել, սակայն ինձ համար, ինչպես եւ բնական է, կարեւոր է հայերենը:

— Դուք 90-ականների ամենավառ կերպարներից մեկն եք։ Ի՞նչն եք ամենաշատը կարոտում այդ ժամանակներից, որ այսօր չկա:

— Մանկությունս:

— Ինչպիսի՞ն են այսօր Ձեր հարաբերությունները Արթուր Մեսչյանի եւ Ռուբեն Հախվերդյանի հետ:

— Ռուբեն Հախվերդյանի հետ մենք վաղեմի ընկերներ ենք, շփվում ենք, համագործակցում, ու շատ լավ են մեր հարաբերությունները: Արթուր Մեսչյանի հետ անձամբ ծանոթ չեմ, սակայն ժամանակին երգել եմ իր հեղինակած երգերից ու լավ եմ վերաբերվում իր արվեստին:

Նյութի աղբյուր  ՝ Հայկական Ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ