![]()
Դեկտեմբերի 9-ին Արարատ քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել:
«Վեդի» բժշկական կենտրոնից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ստացվել է ժամը 13.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնել է, որ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած վերքերով 53-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ տուժողը փակ բաժնետիրական ընկերություններից մեկի Արարատ քաղաքի մասնաճյուղում է աշխատում, և հենց ընկերության շենքում էլ տեղի է ունեցել դանակահարությունը։
Դեպքի վայրի զննությամբ, նաև օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները պարզել են ոչ միայն բացահայտման համար անհրաժեշտ մի շարք հանգամանքներ, այլև կասկածյալի ինքնությունը։ Նա տուժողի անմիջական պետն է եղել Վեդիի բնակիչ, 33 տարեկան. շենքի երրորդ հարկում վիճել էր էլեկտրիկի հետ ու դանակահարել նրան։
Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արարատի բաժին՝ բերելով նաև դանակը։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։
![]()