Պարեկների կողմից իրականացված «Ազիզ» օպերացիայի արդյունքում Mercedes-ի 32-ամյա վարորդը բռնվեց


Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններոմ, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան՝ Կենտրոն վարչական շրջանում, Օպերայի մոտակայքում վթարային իրավիճակ է ստեղծել, ապա բախվել մեկ այլ ավտոմեքենայի ու դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվում է պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտ և տեղում գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ որոշվում է իրականացնել «Ազիզ, մի խախտիր երթևեկության կանոնները» օպերացիան:

Պարեկներին հաջողվում է դուրս գալ Mercedes-ի հետքի վրա, սակայն վերջինիս վարորդը չի ենթարկվում պարեկների օրինական «կանգառ» հրահանգներին: Արդեն վաշտի հրամանատարը ճիշտ կողմնորոշվելով, որ նա ուղղություն է վերցնում դեպի Իսակովի պողոտա, «Հաղթանակ» կամրջի վրա արդեն պարեկների հետ կազմ ու պատրաստ սպասում են «մեծն Տորետտոյին»: Mercedes-ի վարորդը բախվում է պարեկային ծառայության Skoda-ին և այլևս չի կարողանում ճողոպրել: Վայրկյանների ընթացքում պարեկները նրան իջեցնում են ավտոմեքենայից և դեպքի վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նրան տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նա ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ եղել է ոչ սթափ: Ավտոմեքենան էլ չի ունեցել ԱՊՊԱ, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում էլ հայտնաբերվել է այլ ավտոմեքենայի համարանիշներ: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, նա Երևանի բնակիչ, 32-ամյա Ա. Ազիզյանն է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ