Հայաստանում գրիպի նոր տեսակի վարակակիր 7 երեխա է բուժում ստանում. արդյոք այն կապ ունի քովիդի հետ

Հայաստանում գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վարակիչ վիրուսի 12 դեպք է հայտնաբերբվել, որից 7-ը՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության արդյունքում՝ 0-18 տարեկանների, իսկ 5-ը՝ հղի կանանց շրջանում:

ՀՀ առողջապահական գերատեսչության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, «Հայկական Ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով հայտնաբերված գրիպի տեսակին, ասաց՝ վիրուսն իր սեզոնային տեսակներն ունի, որոնցից մեկը սա է և տարածվում է այս տարի: Այս հիվանդությունը դեռևս որևէ առանձնահատկություն չունի, ախտանշանները դեռևս գրիպի սովորական ախտանշաններն են:

«Ջերմություն, բարձր ջերմություն, քթահոսություն. սրանք են դեռևս: Բուժումը երբեմն առանց վիրուսի դեմ դեղամիջոցների է լինում, երբեմն՝ հակավիրուսային դեղամիջոցներով: Առանձնահատկությունն այն է, որ այս հիվանդությունը 2020 թվականին չկար, դա կապված էր նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված հակահամաճարակային սահմանափակումներով: Մարդիկ մեկուսացման մեջ էին, շփումներ շատ չէին լինում, այլ երկրներ հանգստի մեկնել՝ նույնպես»,- ասաց Սարգսյանը:

Գրիպի այս տեսակի հիմնական տարածողն ու կրողը երեխաներն են, ասում է Սարգսյանը, քանի որ նրանք են հիմնականում ակտիվ շփումների մեջ լինում: Այս վիրուսը կարող է նաև թոքաբորբ առաջացնել և ծանր ընթացք ունենալ: Բուժումը կախված է հիվանդության ընթացքից և դրա ախտանշաններից: Այն միայն Հայաստանում տարածված չէ. գրիպի այս տեսակի մասին հաստատված դեպքերի վերաբերյալ այս տարի խոսել են եվրոպական երկրներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները:

«Գրիպի տեսակների տարածումը օրինաչափ ընթացք է: Ծնողները պետք է ուշադիր լինեն երեխայի մոտ առկա ախտանշաններին և դիմեն համապատասխան մասնագետի: Վիրուսը վարակիչ է համարվում: Վերջին շրջանում շատ են գրիպի վիրուսով վարակվածության դեպքերը, բայց կոնկրետ թիվ չեմ կարող նշել: Զուգահեռաբար աճում են դրանք: Պետք է տեսնենք՝ ինչ են գրում Եվրոպայի մեր գործընկերները, պետք է իմանանք այս տեսակի վերաբերյալ այլ տեղեկություններ»,- ասաց մանկաբույժը:

Հարցին՝ կապ ունի՞ այս վիրուսը կորոնավիրուսային հիվանդության հետ, քովիդի հետ համատեղ կարո՞ղ է անձին վարակել, թե՞ ոչ, ի՞նչ ընթացք ու հետևանքներ կարող է այն ունենալ, առողջապահության նախարարության մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն ասում է՝ դեռ դժվար է ասել. գիտությունն այս հարցի վերաբերյալ պատասխան չունի: Կորոնավիրուսային հիվանդությանը զուգընթաց՝ այլ վիրուսներ շարունակում են զարգանալ և տարածվել:

Մասնագետը շեշտում է՝ կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում՝ սեզոնային գրիպի կանխարգելումը՝ նշված վարակներով միաժամանակյա հիվանդացման ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ