«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (երկու դրվագ):

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրուցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նրա փոխանցմամբ, Հարությունյանը ձերբակալվել է՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնելու համար։

Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ համայնքապետի թեկնածուի նկատմամբ վաղուց է իրականացվել քրեական հետապնդում: Այժմ նրան վերագրվող մեղադրանքը փոփոխվել է:

Նշենք, որ ավելի վաղ Արամ Հարությունյանին մեղադրանք է եղել առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարությունյանը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները հայտարարություն էին տարածել, որում նշվում էր, որ 2 քաղաքական ուժերը պատրաստվում են կոալիցիա կազմել և միասին ստանձնել քաղաքի կառավարման պատասխանատվությունը՝ չնայած նրան, որ համայնքում ձայների մեծամասնությունն ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Նշենք, որ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել էր ձայների 16.51 տոկոսը, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 37.76 տոկոսը, իսկ ձայների մեծամասնությունը՝ 46.11%-ը, ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ