![]()
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի առցանց քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան առաջինն է:
Մալենան ունի 3, 367 միավոր: Երկրորդ հորիզոնականում 2, 830 միավորով Վրաստանի ներկայացուցիչն է, իսկ երրորդ տեղում՝ Ֆրանսիայի պատվիրակը, որն ունի 2, 357 միավոր:
14-ամյա Մալենան «Մանկական Եվրատեսիլ»-ի Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը: Նա մրցույթին մասնակցում է «Քամի-քամի» երգով:
«Քամի քամի»-ի պարային բեմադրությունը «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկտորիա Մարտիրոսյանն է արել: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Արթուր Ղարայանը, հագուստի դիզայնը՝ Արամ Նիկոլյանինն է:
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Հեռարձակմանը կարող եք հետեւել ժամը 19:00-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում:
![]()