![]()
Օրեր առաջ Երեւանում՝ Դավթաշենի կամրջի տակ ձեռքերից մեկը մարմնից անջատված եւ մահացած վիճակում հայտնաբերված երիտասարդի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնել:
Քննությամբ պարզվել է, որ մահացածը Երեւանի բնակիչ, ազգությամբ հայ 20-ամյա Ալեքս Կաչակն է: Նա մոր հետ բնակվել է Երեւանի Այգեստան թաղամասում, մի քանի դպրոց է փոխել, ժամկետային ծառայություն չէր անցել: Հայրը՝ Եվգենի Կաչակը, մահացել է անցյալ տարի, նրան սպանել են: Տղամարդը եղել է հանցավոր աշխարհի ներկայացուցիչ:
Ըստ ստացված տեղեկությունների՝ 20-ամյա Ալեքսը բարդ բնավորության տեր տղա է եղել, տաքարյուն, ագրեսիվ, երբեմն՝ անկառավարելի վարքի է դրսեւորել, ժամանակ առ ժամանակ հայտնվել տարբեր պատմությունների կենտրոնում:
Սակայն երիտասարդը պարտքեր չի ունեցել, դեպքի առնչությամբ գրություն կամ հուշող որեւէ այլ բան նրա մոտ չի հայտնաբերվել:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողները ծառայության ընթացքում Դավթաշենի կամրջի տակ երիտասարդի դի էին հայտնաբերվել: Տղայի ձեռքերից մեկը մարմնից պոկված է եղել, եւ, ըստ ականատեսների, հնարավոր է՝ այն շների կողմից հոշոտելու հետեւանքով է եղել:
Նրա մարմինը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ինչ վերաբերում է պոկված ձեռքին, դատաբժիշկը քննություն իրականացնող մարմնին հայտնել է՝ շատ հավանական է, որ կամրջից նետվելիս ձեռքը կտրված լինի, քանի որ բարձրությունից ընկնելը կարող էր հանգեցնել դրան:
ՀՀ քննչական կոմիտեից նշեցին, որ այս առնչությամբ դեռեւս վերջնական եզրակացություն չկա:
![]()