«Պատվաստման ցուցանիշի բարձրացումը պարտադրանքի արդյունքն է». Արսեն Թորոսյան

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մեկնարկած ԱԺ հերթական նիստում այժմ քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, անդրադառնալով աշխատավայրում պատվաստման կամ թեստի բացասական պատասխան պարտադիր ներկայացնելու անհրաժեշտությանը, նշեց, որ համանման հրաման առողջապահության նախարարության կողմից գործում է հոկտեմբերի 1-ից. «Եվ այդ հրամանի շնորհիվ է, որ հոկտեմբերի 1-ից մենք ունենք պատվաստումների շեշտակի աճ՝ ի հեճուկս ընդդիմության այն պնդումների, թե այդ պարտադրանքը որևէ արդյունք չի տվել»:

Նա ընդգծեց, որ մինչ այդ ընդդիմությունն ասում էր, թե նախարարի հրամանով չի կարելի նման պարտադրանք դնել, օրենք է պետք. «Հիմա այդ օրենքը բերել ենք, որպեսզի իրավունքները սահմանափակենք օրենքով: Սա աշխատանք կորցնելու մասին չէ, այլ կյանքեր փրկելու մասին է, և պետությունն ունի պարտավորություն փրկելու այն մարդկանց կյանքը, ովքեր, օրինակ, ունեն պատվաստվելու բժշկական հակացուցում և պետք է գնան աշխատանքի ու չպետք է ռիսկի տակ լինեն այն մարդկանց պատճառով, որոնք տարբեր անհիմն համոզմունքների պատճառով չեն ուզում պատվաստվել: Պետք չէ նենգափոխել օրենքի նպատակն ու նշանակությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ