Նոր որոշում բուհ ընդունվողների համար․ ինչ քննություններ են հեռացվել պարտադիր քննություների ցանկից

Ընդունելության քննություններում մի քանի փոփոխություններ են արվել, և 2022 թվականին բուհ ընդունվելու համար դիմորդներն այսուհետ կհանձնեն երկու միասնական քննություն նախկին երեք քննության փոխարեն:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Արմեն Սարգսյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պարզաբանեց. «Հանվել են երկու աստղանիշ քննությունները, դրանք այն քննություններն էին, երբ դիմորդը չէր հաղթահարում միասնական քննության ժամանակ այդ առարկայի անհրաժեշտ միավորը և կտրվում էր տվյալ առարկայի քննությունից: Դպրոցից էր բերում միավորը, և դա գումարվում էր միասնական քննության միավորներին, ու դիմորդը մասնակցում էր մրցույթին: Նոր փոփոխությամբ դա հանվել է, պարտադիր քննություն է դարձել»:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ այս փոփոխությունը կարևորում են, քանի որ արժեզրկում էր բուհական համակարգը:

Հաջորդը փոփխությունը վերաբերում է առաջին սյունակում նշված մասնագիտական առարկային՝ տվյալ կրթական ծրագրի համար: «Կային կրթական ծրագրեր, երբ երկու առարկա էին քննության համար դրված, օրինակ՝ ֆակուլտետ կար և՛ մաթեմատիկա էր քննությանը, և՛ ֆիզիկա: Դա հանվել է, հիմա մեկ առարկա է առաջին սյունակում»,- ասաց Սարգսյանը:

Մյուս փոփոխությունները, որ եղել են, վերաբերում են ստեղծագործական աշխատանքին և բանավոր քննություններին: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ բուհ ընդունվելիս դիմորդներն ստիպված չեն լինի հանձնել այս երկու քննությունները, դրանց փոխարինելու է ցանկացած օտար լեզու և հայոց լեզուն, որոնք լինելու են պարտադիր և գրավոր:

«Պարտադիր երկու միասնական քննություն դիմորդը պետք է հանձնի: Օրինակ՝ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ էր օտար լեզու բանավոր քննություն, հիմա բանավորները հանվել են, դիմորդները հանձնելու են միայն գրավոր այն օտար լեզվով, որով ցանկանում են քննություն հանձնել, ինչպես նաև հանձնելու են հայոց լեզուն գրավոր: Նույն տարբերակն է նաև ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում. եթե նախորդ տարիներին դիմորդները հանձնում էին մեկ բանավոր, մեկ ստեղծագործական և հայոց լեզու գրավոր քննություն, ապա հիմա հանձնելու են մեկ օտար լեզու և հայոց լեզու գրավոր քննություններ»,- հայտնեց Արմեն Սարգսյանը:

Նշված փոփոխությունները հաստատվել են այս տարվա նոյեմբերի 25-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ