![]()
Մասիսի Ջրահովիտ համայնքում տեղակայված 11/40 ընրատեղամասում «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ներկայացուցիչը քաղաքացուն օգնելու պատրվակով մտել է քվեախուց և ուղղորդել նրան։ Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Մասիսի ՔՊ գրասենյակի ներկայացուցիչ Հրաչյա Գևորգյանը:
«Դրա մասին տեղեկատվությունն իմանալուց հետո, որպես վստահված անձ ներկայացել եմ տվյալ ընտրատեղամաս, խոսել եմ հանձնաժողովի նախագահի հետ։ Հանձնաժողովի նախագահն ասել է, որ թույլատրվում է, ես բացատրել եմ, որ ուղղորդող անձը կուսակցության ներկայացուցիչ է և չի կարող օգնել, կարող են օգնել կամ ընտանիքի անդամները կամ չեզոք որևէ անձ։ Տվյալ պահին ոստիկանություն չեմ դիմել, բայց ասել եմ, որ հաջորդ խախտման դեպքում ոստիկանությանը կիրազեկենք»,-ասաց Հրաչյա Գևորգյանը։
Նշենք, որ այսօր համացանցում պտտվում էր մի տեսանյութ, որ, իբրև թե, Արգավանդ համայնքում ՔՊ-ի թեկնածուն ընտրակաշառք է տալիս քաղաքացուն։ Այս առնչությամբ Հրաչյա Գևորգյանն ասաց, որ ընտրախախտումները, ընտրակաշառքները տարիներ շարունակ նույն կուսակցությունների գործելաոճն է եղել, հիմա նրանք ուզում են այդ գործելաոճը վերագրեն ՔՊ-ին, բայց դա նրանց մոտ չի ստացվի, որովհետև ՀՀ քաղաքացիները լավ են գիտակցում, թե որ ուժից ինչ սպասել։
«Եվ երկրորդ, եթե նման բան լիներ, վաղուց ոստիկանության միջոցով այդ մարդիկ բերման էին ենթարկվել։ Եթե ես նման դեպքի ականատես լինեի, միանգամից կահազանգեի ոստիկանություն և հարցին լուծում կտայի»,- ասաց Հրաչյա Գևորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
![]()