«Սպիտակի 28/28 տեղամասում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է դիտորդին արձանագրել խախտումը. ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին». Դանիել Իոաննիսյան

«Վաղարշապատում քվեարկության գաղտնիության հետ կապված էական խախտումներ են եղել, և դրանց մասով հանցագործության մասին հաղորդումն արդեն տրվել է»,- այս մասին Վանաձորում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ասուլիսի ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նա նշեց, որ խոսքը 14/ 24 և 14/25 տեղամասերի մասին է։

Խոսելով Սպիտակում տեղի ունեցած խախտման մասին՝ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ 28/28 տեղամասում տեղի է ունեցել կրկին էական խախտում, որի մասին ևս հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։
«Մեկն այն է, որ միևնույն սենյակում գտնվել է միևնույն քաղաքական ուժի մեկից ավելի վստահված անձ, ինչն արգելված է, հանձնաժողովի նախագահը չի ձեռնարկել օրենքով սահմանված իր պարտականությունները, չի իրականացրել դրանք նույնիսկ մեր դիտորդի նկատելուց հետո և չի հեռացրել երկրորդ վստահված անձին, ավելին՝ խոչընդոտել է դիտորդի կողմից նշվածի մասին գրանցամատյանում գրառում կատարելը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Նա նշեց, որ թեև հանրապետությունում այսպիսի դեպքերը շատ են, բայց բոլոր այդ դեպքերը, բացի այս մեկից, դիտորդների միջամտության արդյունքում լուծվում էին։

Ներկայացնելով Ապարանում տեղի ունեցած անձնագրային և վիզաների վարչության հետ կապված աղմկոտ պատմությունը՝ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ հրապարակումներ եղան առ այն, որ անձնագրերի և վիզաների վարչությունը հրաժարվել է քաղաքացուն տեղեկանք տալ լրացուցիչ ցուցակում ներգրավվելու համար՝ դա պատճառաբանելով նրանով, թե իբր քաղաքացին ոչ թե մի, այլ ուրիշ քաղաքական ուժի է ընտրելու, քաղաքացուց ուզել են փաստաթղթղեր, որոնք չպետք է ուզեին և այլն, և դա պարզելու համար իրենք այցելել են Ապարան՝ տեղում խնդրին ծանոթանալու համար։

«Իրողությունն այն է, որ քաղաքացու ընտրական իրավունքն իրացված է, քաղաքացին իր ընտրելու իրավունքը ստացել է և Ապարանի Կայք գյուղում քվեարկել է։ Եվ երկրորդը՝ պարզվում է, որ նա վերջերս է զորացրվել և զորացրվելուց հետո անձնագրայինում հաշվառման չէր կանգնել, ինչը իր պարտականությունն է, բայց նույնիսկ եթե չէր կանգնել, միևնույն է՝ խնդիր չէ։ Իրեն ուղղակի անձնագրայինում խնդրել էին, որ ներկայացնի զինգրքույկ կամ վկայական, որևիցե փաստաթուղթ, որ ինքն իրոք այդ համայնքում է զինվորական հաշվառման կանգնած, որպեսզի իրեն կարողանան գրանցել։ Եվ ըստ էության չի արձանագրվել փաստ, որ անձնագրային բաժանմունքը քաղաքացու՝ իր քաղաքական հայացքներից կախված, տեղեկանք տար կամ չտար։ Ավելին՝ մենք այնտեղ տեսանք բազմաթիվ քաղաքացիների, որոնք տեղեկանքներ էին ստանում, և պրոցեսը նորմալ ընթանում էր»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ