![]()
Գյումրու Վարդանանց հրապարակում այս տարի տոնածառ կտեղադրվի, ինչպես նաև կլինի ամանորյա միջոցառում՝ լույսերի տոնական վառում, տոնավաճառ: 600.000 դրամի շրջանակներում էլ Գյումրու քաղաքապետարանում ավագանու անդամների և կառույցի աշխատակիցների համար հյուրասիրություն կկազմակերպվի:
«Եթե Երևանում դրվում է տոնածառ, ուրեմն հանրապետության բոլոր քաղաքներում էլ պետք է դրվի»,- նախագիծը ներկայացնելիս ասաց քաղաքապետարանի ֆինանսիստ Լենա Ջիլավյանը:
«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն էլ հակադարձեց՝ եթե Երևանի հետ ենք համեմատվում, այնտեղ միայն տոնածառ է դրվում, տոնական լուսավորություն և հյուրասիրություն չի լինելու:
«Տարվա վերջ է, դե բնական է, պետք է հավաքվեն, զուսպ նշեն գալիք տարին»,- ասաց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:
Լենա Ջիլավյանն էլ ավելացրեց, թե և՛ նորընտիր ավագանու առաջին Նոր տարին են նշելու, և՛ նորընտիր քաղաքապետի: «Եվ հետո, այդ 600.000-ն ի՞նչ է, որ այսքան կոլեկտիվին դեմ եք կանգնում: Պետք է շնորհավորել, ասել՝ գնացեք առողջ, խաղաղ տարի դիմավորեք»,- «Զարթոնք» խմբակցության ղեկավարին դիմեց տիկին Ջիլավյանը:
Ընդհանուր առմամբ Գյումրու ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար համայնքի բյուջեից 10 մլն 400.000 դրամ կտրամադրվի: 5 մլն դրամը տոնածառի տեղադրման և լուսավորության համար է ծառայելու:
Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի, ըստ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի, Գյումրին տոնականորեն կլուսավորվի ընդամենը 20-30 տոկոսով: Առավել տեսանելի փողոցներում դեկորներ կլինեն, հիմնականում՝ պատմական միջուկում:
Երեխաներին բաժանվող ամանօրյա պարկերի համար 3 մլն դրամ է տրամադրվելու՝ 700.000 դրամ ավելի 2019 թվականի համեմատությամբ:
Հրավառության ծախս այս տարի նախատեսված չէ, փոխարենը գումար է հատկացվել տոնածառի լույսերի վառման արարողության շոու-ծրագրի, տոնավաճառի անցկացման և լուսաձայնային տեխնիկայի վարձակալության համար:
«Շոու-ծրագիր ասվածը ենթադրելի չէ տոնական երաժշտության տակ ուրախ միջոցառում, այլ օրվա խորհրդի, ապրելու և կյանքը շարունակելու գաղափարի ներկայացում՝ հախվերդյանական երաժշտության ուղեկցությամբ»,- ասաց Մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
![]()