![]()
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են ԱՎԾ-ն ու նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել։
Բանն այն է, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ տարի 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։ Երկու թվերի դեպքում տարբերությունը 700 մահացած անձի մասին է: Տարբերությունը գալիս է նրանից, որ տնային պայմաններում մահացածների թվերի վիճակագրություն առողջապահության նախարարությունում չեն վարում, ներկայացնում են միայն այն տվյալները, որոնք ստանում են քովիդով հիվանդների բուժումն իրականացնող բուժհաստատություններից:
«Պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի ու հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, պետք է պարզվի ամեն ինչ»,–ասաց Փաշինյանը, դիմելով՝ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ վարչապետի հանձնարարականի համաձայն` ուսումնասիրությունները շարունակվում են և ամբողջական պատկեր ունենալու պարագայում հանրությանը կտեղեկացնեն:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ ժամանակի ընթացքում ուղղակի որոշ տվյալներ չեն ներառվել հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի «Արմեդ» համակարգ։
Կորոնավիրուսի հետևանքով մահացության թվերի վերաբերյալ ստուգումներ է սկսել նաև Պետական վերահսկողական ծառայությունը: ՊՎԾ-ի մամուլի խոսնակ Անի Խաչատրյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց՝ «Վարչապետը կառավարության նիստում հանձնարարել է, որպեսզի պարզվի, թե ինչու են 2 կառույցների տված ինֆորմացիաներն իրարից տարբերվում, և մենք փորձում ենք աջակցել մեր գործընկերներին՝ գտնել այդ հարցի պատասխանը և վարչապետի հանձնարարությամբ ներկայացնել կառավարությանը և հանրությանը։ Խոսքը Վիճակագրական կոմիտեի և առողջապահության նախարարության մասին է, իրենք տարբեր ցուցանիշներ էին հրապարակել, և վարչապետը հանձնարարել է, որպեսզի պարզվի, թե այդ տարբերությունն ինչ պատճառներով է եղել, մեթոդակա՞ն պատճառով, թե՞ այլ պատճառով, և դրա մասին հանրությանը պատշաճ տեղեկացվի»,- նշեց նա:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
![]()