Սկանդալներով հայտնի նախկին նախարարի անունը շոշափվում է բարձրահարկ շենքի կառուցման մեջ

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն մի քանի ահազանգեր են ստացվել, որ Էրեբունի փողոցի 1-ին նրբանցքի սեփական տների դիմաց գտնվող շինհրապարակում հողաշերտի փլուզում է տեղի ունեցել և կա վտանգ, որ կրկին հնարավոր է՝ փլուզումը շարունակվի:

Ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, սակայն նրանք այնտեղ անելիք չունեն: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում շինհրապարակի հարևանությամբ ապրող բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Արդեն տևական ժամանակ է, էս զռլամա փոսը փորել են ու տեղում պետք է կառուցեն բարձրահարկ՝ 18 հարկանի շենք: Այն, որ հայը կառուցող շինարար է, դա գիտենք, էդ մասին սաղ աշխարհը գիտի, բայց, որ նման փնթի ձևով են արդեն սկսել կառուցել, դա վերջն է: Ով է տեսել անվտանգության տարրական կանոնները չպահպանվեն, անզեն աչքով էլ երևում է, որ կառուցապատողը ցուցաբերելու է անփութություն, իսկ մինչ այդ շենքի թույլտվություն տվողները գոնե մեկ անգամ այցելեին այստեղ ու հարևանների կարծիքը լսեին: Մի քանի սեփական տներով հայտնվել ենք շրջափակման մեջ:

Չենք կարողանում ազատ տեղաշարժվել, էլ չենք ասում, որ եթե արտակարգ դեպք պատահի, կամ որևիցե քաղաքացու համար շտապօգնության ավտոմեքենա գա, ոնց է մտնելու հասցե: Էդ շենքի կառուցման թույլտվություն տվողները, հետաքրքիր է, մարմնի ո՞ր մասով են մտածել: Շինարարական աշխատանքների հետևանքով ճանապարհային հատվածի ահագին մաս փլուզվել է, ահագին մաս էլ արդեն ճաքեր է տվել ու կա վտանգ , որ ամեն պահի հնարավոր է՝ փլուզում տեղի ունենա:

Մեր տեղեկություններով՝ բարձրահարկ շենքը կառուցում է Կապի և տրանսպորտի նախկին նախարարներից մեկը: Թե ով է, այս պահին զերծ ենք մնում անուններ տալուց, բայց, որ ամե ինչ վերածվել է խուճուճ պատմության, դա փաստ է: Ահազանգել ենք Երևանի քաղաքապետարան, էրեբունու թաղապետարան, Արտակարգ իրավիճակների նախարարություն և միայն վերջիններս են օպերատիվ արձագանքել մեզ:

Իսկ քաղաքապետարանի ու թաղապետարանի պատասխանատուները ասես Թութանհամոնի նման «զմրսված լինեն» իրենց կաբինետներում: Շինարարության աշխատանքներ կատարողները նաև վնասել են ջրագծերը, ինչի պատճառով նաև ջրի խնդրի առջև ենք կանգնել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ