![]()
«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է Երևանի 3 փոխքաղաքապետների՝ Հրաչյա Սարգսյանի, Գայանե Մելքոմ Մելքոմյանի և Սերգեյ Հարությունյանի 2020 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը, որը նրանք ներկայացրել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նկատենք, որ փոխքաղաքապետներից միայն Սերգեյ Ներսիսյանը չի ներկայացրել իր եկամուտների հայտարարագիրը:
Հրաչյա Սարգսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան Երևանի Աջափնյակ թաղամասում: Շարժական գույք Սարգսյանը չի հայտարարագրել: Որպես կանխիկ գումար փոխքաղաքապետը հայտարարագրել է 600 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 400 հազար դրամ, ինչպես նաև՝ 4500 դոլար: Սարգսյանը Երևանի քաղաքապետարանից ստացել է 6 միլիոն 686 հազար դրամ աշխատավարձ, ինչպես նաև վարկ «ԱԿԲԱ» բանկից, որի մնացորդը կազմում է 144 դոլար:
Գայանե Մելքոմ Մելքոմյանը ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք չի հայտարարագրել: Որպես դրամական միջոց նա հայտարարագրել է 783 հազար դրամ, ինչը տարեվերջին դարձել է 2 միլիոն 475 հազար դրամ: Մելքոմյանը «Էյչ-Էս-Բի-Սի» բանկից ստացել է 450 հազար դրամ, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ից՝ 8 միլիոն 213 հազար դրամ և Երևանի քաղաքապետարանից՝ 104 հազար դրամ աշխատավարձ:
Սերգեյ Հարությունյանը շարժական գույք չի հայտարարագրել, սակայն հայտարարագրել է բնակարան Արաբկիր վարչական շրջանում, ինչը նվիրատվություն է: Փոխքաղաքապետը որպես դրամական միջոց հայտարարագրել է 13 հազար դրամ, ինչը տարեվեջին դարձել է 503 հազար 209 դրամ: Որպես էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ Հարությունյանը ներկայացրել է 491 ռուբլի «Яндекс.Деньги»-ից և 1270 դրամ՝ «Իդրամ»-ից: Որպես կանխիկ միջոցներ նա հայտարարագրել է 13 միլիոն 500 հազար դրամ և 17 հազար դոլար, որոնք տարեվերջին դարձել են համապատասխանաբար 11 միլիոն դրամ և 15 հազար դոլար: Երևանի քաղաքապետարանից էլ Հարությունյանը որպես աշխատավարձ ստացել է 6 միլիոն 603 հազար դրամ:
![]()