![]()
Անցած գիշեր հրդեհ է բռնկվել Գյումրիի Սունդուկյան փողոցում, որտեղ Գյումրիի հին բնակֆոնդն է։ Տներն իրար պատկից են, ու քանի որ լուսամուտ ունենալու հնարավորություն չունեն, լույսը տներ երդիկներից է ընկնում։ Հենց պատկից լինելու պատճառով գիշերը բռնկված հրդեհից հարևանությամբ գտնվող 6 տներն են տուժել։ Կեսգիշերն անց բնակիչներն արթնացել են ծխի ուժեղ հոտից ու տանիքների այրվող տախտակների ճարճաթյունից։
Հրշեջ-փրկարարական 5 մարտական հաշվարկ է մասնակցել հրդեհաշիջմանը, 2 ժամից ավելի է պահանջվել կրակը մեկուսացնելու համար։ Հերթով այրվել են հարևանությամբ գտնվող տների տանիքները։ Տների գույքը չի այրվել, բայց վնասվել է հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ։ 6 տներն էլ առանց տանիք են մնացել։ Բնակիչներն են նշում՝ դրանք բնակության այլևս պիտանի չեն, քանի դեռ նոր տանիք չեն կառուցել։
Անցած գիշեր տները հոսանքազրկվել են։ Էներգամատակարար ընկերությունն առավոտյան էր մալուխային ցանցը վերականգնում։ 6 հարևանները դրսում են գիշերել։ Հիմա փորձում են վնասները հաշվարկել։ Վնասված ներքին հարդարումը, թրջված գույքը , ըստ նրանց, կվերակագնեն, իսկ նոր տանիքների կառուցման համար աջակցության խնդրանքով քաղաքապետարան են դիմելու։
«Դիմելու ենք քաղաքապետարան՝ աջակցության խնդրանքով, որպեսզի օգնություն տրամադրեն, կարողանանք տանիքները վերանորոգել։ Ձմեռվա կեսին մնացել ենք բաց երկնքի տակ։ Տանիքներն ամբողջությամբ այրվել են։ Ամեն րոպե կարող են փլուզումներ տեղի ունենալ։ Գույքն ու ներքին հարդարումը հրդեհաշիջումից են տուժել, տները խոնավ են»,- SHANTNEWS-ին ասել են Սունդուկյան փողոցի բնակիչները։
Թաղամասում աշխատել են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները։ Պարզելու են, թե 6 տներից որ մեկից է սկիզբ առել կրակը և որն է եղել հրդեհի պատճառը։ Բնակիչները նախնական վարկած են նշում՝ հնարավոր է կրակն առաջացել է վառարանով ջեռուցվող տներից մեկում։
![]()
![]()
![]()
![]()
![]()