![]()
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը։ Հիշեցնենք, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոդկա թաղամասում կնոջը ծեծելով մահվան հասցնելու համար։ Անդրեյ Ռազգիլդեևը պատմել է, թե դեպքին նախորդած ժամերին որտեղ է գտնվել, իսկ գործում էական շատ հանգամանքների մասին նշել է, որ երեք տարվա ընթացքում հիշողությունից ջնջվել են։
Տևական բացակայությունից հետո այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։ Նախորդ դատական նիստերին ներկայանալ նա հրաժարվում էր՝ սրանով իսկ իր բողոքն էր արտահայտում դատական նիստերին ամբաստանյալի հեռավար մասնակցության դեմ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն այսօրվա դատական նիստին երկրորդ անգամ դատարանի դահլիճում Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունն ապահովելու մասին միջնորդություն ներկայացրեց։
«Տպավորություն է, որ բացի տուժող կողմից, դատավարության մյուս մասնակիցները մտածում են ամբաստանյալի առողջական վիճակի մասին, թե ոնց անեն, որ հանկարծ ամբաստանյալը Covid-ի հետ կապված որևէ խնդիր չունենա։ Եթե առաջնորդվում ենք նույն տրամաբանությամբ, ապա պետք է որոշում ընդունվի դատական նիստերը դատավարության բոլոր մասնակիցների համար իրականացվեն հեռավար»,- ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը։
Ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը հեռավար կարգով ցուցմունք տվեց դատարանում։ Նա պատմեց, որ 2018-ի դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ծառայակիցների հետ Գյումրիի մի քանի գիշերային ակումբներում է ժամանակ անցկացրել։ Վերջին ակումբից ինչպես է տուն հասել՝ չէր հիշում։ Ըստ նրա՝ այն, որ իրեն մեղադրում են Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ, իմացել է ռազմաբազայում, երբ ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր է ստացել։
Նախաքննության փուլում Անդրեյ Ռազգիլդեևը նշել է, որ տուժող Ջուլիետա Ղուկասյանին երբևէ չի տեսել, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նախաքննության ժամանակ ասածն այսօր դատարանում վերահաստատեց։
«Այո, ես վերահաստատում եմ իմ նախկին դիրքորոշումը։ Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում։ Ինձ վաշտի հրամանատարն է զանգել, ասել, որ ծանուցում է եկել, պետք է ներկայանամ ոստիկանություն։ Ինձ հարցրել են՝ ի՞նչ է պատահել, ես էլ ասել եմ, որ ոչինչ էլ չի պատահել։ Դեկտեմբերի 11-ին դարձա կասկածյալ»,- Անդրեյ Ռազգիլդեևի հեռավար ցուցմունքը դատարանում թարգմանաբար ներկայացրել է Գագիկ Շիրմազանյանը։
Ամբաստանյալին հարցեր ուղղվեցին այն մասին, թե այդ օրը ինչ հագուստով և կոշիկներով է եղել։ Նա նշեց, որ դեպքի օրը հորաքրոջ ամուսնու սպորտային կոշիկներն է հագել, իսկ իրենը տանն է թողել։ Կոշիկների տեսքի, գույնի ու պատկանելության շուրջ հարցերի կարևորությունն այն էր, որ նախաքննական մարմնի կողմից փորձաքննության են ենթարկվել այն կոշիկները, որոնք, Ռազգիլդեևի պնդմամբ, դեպքի օրը նա չի հագել, բայց դրանց վրա հայտնաբերվել են Ջուլիետա Ղուկասյանի արյան հետքերը։
Ռազգիլդեևը նշեց, թե չգիտի՝ որտեղ է գտնվում Մայակովսկի փողոցը՝ դեպքի վայրը, որտեղ էլ տեսախցիկները ֆիքսել են ռուս զինծառայողին, իսկ գործով վկաները այդ տեսագրությունում ճանաչել են Ռազգիլդեևին։ Իր ցուցմունքի վերջում նա նշել է, որ եթե դատարանն իր նկատմամբ ազատազրկման որոշում կայացնի, ապա խնդրում է՝ թույլ տալ պատիժը Ռուսաստանի Դաշնությունում կրել։
![]()