![]()
Այսօր լրատվամիջոցներից մեկը լուրեր էր շրջանառել, թե Վայք խոշորացվող համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Մխիթար Մաթևոսյանը Վայքի տարածաշրջանում հայտնի է որպես կրիմինալ» անցյալ ունեցող անձ:
Նշվում էր, որ նա, լինելով «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավելի է ստացել՝ ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ըստ նույն հրպարակման՝ Մաթևոսյանը 2000 թվականին մեղադրվել է այն ժամանակ Վայքում դատավոր Թոֆիլ Սամսոնիչիի տան շինարարական աշխատանքների ժամանակ կաֆել-մետլախի գողության համար:
«Հայկական Ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով տարածված տեղեկատվություններին՝ Մաթևյոսյանը նշեց, որ տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատախանում:
«Այն, որ իբր ես երիտասարդ ժամանակ գողությունն եմ արել, կաֆել-մետլախ եմ գողացել, նման բան չկա, դա իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է «Մավշին» շինարարական ընկերության հետ կապված խոսակցություններին, թե իբր 4 միլիոն դոլար յուրացրել եմ, դա նույնպես ճիշտ չէ: Այո՛, ես ունեմ շինարարական ընկերություն, որի միջոցով վերանորոգումներ եմ արել Վայքի մարզադպրոցում: Դրա վերաբերյալ քրեական գործ հարուցվել է, բայց ապացուցվել է, որ 4 միլիոն դոլարը ես ոչ թե յուրացրել եմ, այլ նվիրաբերել այդ դպրոցին: Այսինքն՝ լրացուցիչ շինարարական աշխատանքներ եմ իրականացրել»,- պարզաբանեց Մաթևոսյանը:
Մաթևոսյանը նշեց նաև՝ այն մարդը, ում անունը շրջանառվում է՝ Թոֆիլ Սամսոնիչը, այդ մարդու տղան իր մոտ ընկերն է:
![]()