«Ալեքս հոլդինգ»-ն ու «Նոյ ինվեստ գրուպ»-ը նվիրաբերություն են արել Երևանին. քաղաքը կունենա նոր նստարաններ և աղբամաններ

Երեւանի ավագանու առաջիկա նիստի օրակարգային հարցերից մեկը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին, «Ալեքս էնդ հոլդինգ» եւ «Նոյ ինվեստ գրուպ» ՍՊԸ-ներից նվիրաբերություն ընդունելու մասին է:

«Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ից ստացված նվիրաբերության արդյունքում ձեռք են բերվել Երեւան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձեւ զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում տեղադրված 60 հատ քարե նստարաններ, ընդհանուր՝ 15 մլն ՀՀ դրամ արժեքով, 60 հատ մոխրամաններ, ընդհանուր՝ 3 մլն 600 հզր ՀՀ դրամ արժեքով, 60 հատ մետաղական նստարաններ, ընդհանուր՝ 2 մլն 200 հզր ՀՀ դրամ արժեքով, 60 հատ պողպատե կափարիչով աղբամաններ, ընդհանուր՝ 3 մլն 440 հզր ՀՀ դրամ արժեքով:

Երեւանի Թեւոսյան փողոցում գտնվող էլեկտրատրանսպորտային հավաքակայանի տարածքում էլ կիրականացվի հողային պաստառով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ՝ գույքի բարելավում, որի համար էլ հատկացվել է 5 մլն 760 հզր ՀՀ դրամ գումար:

Ներկայացված է նաեւ «Նոյ ինվեստ գրուպ» ՍՊԸ-ի կողմից Երեւան համայնքին փոխանցվող գույքը՝ 15 հատ քարե նստարաններ, ընդհանուր՝ 3 մլն 750 հզր ՀՀ դրամ արժեքով, 15 հատ՝ պողպատե կափարիչով աղբամաններ, ընդհանուր՝ 1 մլն 545 հզր ՀՀ դրամ արժեքով:

Նշվում է, որ «Ալեքս էնդ հոլդինգ» եւ «Նոյ ինվեստ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները կամահայտնություն են ցուցաբերել՝ Երեւան համայնքի բնակչության համար բարեկեցիկ միջավայրի ստեղծմանն օժանդակելու հարցում եւ առաջարկել Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձեւ զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում, Երեւանի Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրատրանպորտային հավաքակայանի տարածքում իրենց միջոցների հաշվին եւ իրենց նյութերով իրականացնել նստարանների, աղբամանների տեղադրման աշխատանքներ: Աշխատանքների արդյունքը (գույքի բարելավումները) որպես նվիրաբերություն սեփականության իրավունքով փոխանցել Երևան համայնքին:

Նույն նախագծով քննարկվելու է նաեւ որպես նվիրատվություն ընդունել «Ռենշին» եւ «Բրենդ Քոմփյութրս» ՍՊԸ-ների կողմից Երևան համայնքին փոխանցվող գույքը: «Ռենշին» եւ «Բրենդ Քոմփյութրս» ՍՊԸ-ները Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքներն առավել որակով եւ լայն հնարավորություններ ունեցող համակարգչային տեխնիկայով իրականացնելու համար ցանկություն են հայտնել Երեւան համայնքին նվիրել համակարգչային տեխնիկա եւ այլ գույք:

Ելնելով վերոգրյալից՝ նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետին սույն որոշման կատարումն ապահովելու համար կնքել համապատասխան պայմանագրեր:

Երեւանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ այգիներում բոլոր նստարաններն ու աղբամաններն արդեն տեղադրված են:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ