![]()
Ալեն Սիմոնյանը հրաժարվել է զրահապատ մեքենայից, որի սպասարկումը պետբյուջեի վրա նստում էր տարեկան 30 մլն դրամ։
Պետության առաջին դեմքերի կողմից պետական միջոցների խնայումն ու հանրային շահն առաջին պլանում դնելը որոշ շրջանակների կողմից չի ընկալվում և շահարկման հարց է դառնում, քանի որ նման մոտեցում նախկինում պարզապես չի եղել։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցները ուղղել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենայի ձեռքբերմանը։ Մեքենայի գնման համար կհատկացվի 90 միլիոն դրամ (մոտ 200 հազար դոլար)։
Իրավաբան․net-ի հետ զրույցում գնման վերաբերյակ մեկնաբանություն է ներկայացրել ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
«Մեքենան գնվելու է «Եվրոմոթորս» ՓԲԸ-ից, որը BMW-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: ԱԺ-ն առաջնորդվել է առավելագույն խնայողություն անելու եղանակով: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին այս պահին սպասարկող մեքենային, ապա նշեմ, որ այն զրահապատ չէ:
Զրահապատ մեքենայի շահագործման ժամկետը սպառվել է դեռ յոթ տարի առաջ, ինչի հետևանքով սպասարկումը բավական մեծ ծախսեր է պահանջում (օրինակ մեքենայի անվադողերի փոխարինումն արժե 17 միլիոն դրամ):
Նոր մեքենայի անհրաժեշտությունը բացատրվում է ներկայացուցչություն ապահովելու, ինչպես նաև խնայողություն անելու նպատակով, քանի որ ներառում է երաշխիքային և պահպանման ծախսերը»,-ասաց Ծովինար Խաչատրյանը:
Նա նաև հավելեց, որ մեքենան ձեռք է բերվելու ՀՀ ԱԺ 2021 թվականի խնայողությունների հաշվին։
![]()