ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան վարկ վերցնել ԵԱՏՄ երկրներից

Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան վարկ վերցնել Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագիր են ստորագրել։ Մոտ ժամանակներս միության անդամ երկրների կենտրոնական բանկերը կհաստատեն այդ տվյալների փոխանակման տեխնիկական կանոնները: Արդյունքում՝ միության երկրներից մեկի քաղաքացիները կամ տնտեսվարողները կարող են վարկի համար դիմել մյուս չորս երկրի բանկեր, որոնք կկարողանան ստուգել նրանց վարկային պատմությունները և վարկավորման որոշումներ կայացնել:

Սեյրան Սարգսյան (Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն) — Սա, կարծում եմ՝ առաջնահերթ այն քաղաքացիների համար է, որոնք աշխատանքային միգրանտներ են, վերադառնում են իրենց հայրենիք, և այդ երկրներում ձևավորված վարկային պատմությունները կլրացվեն իրենց երկրում ձևավորված վարկային պատմությանը, սա ևս կնպաստի նրանց: Էս պահի դրությամբ ծավալային առումով էդպես մեծ չեմ պատկերացնում, բայց ինքը, կարծում եմ, այո՛, նաև, ինչու ոչ, հնարավորություն կարող է հանդիսանալ նոր հաճախորդներ ներգրավելու առումով:

Տնտեսագետները որոշումն ընդհանուր առմամբ դրական են գնահատում, սակայն խնդիրներ ևս տեսնում են:

Կարեն Սարգսյան (տնտեսագետ) — Սա ավելի շատ վարչարարական բնույթ է կրում, այսինքն՝ վարչարարական պարզեցում, որպեսզի հնարավորություն լինի նաև ինչպես այլ գործընթացներն են ԵԱՏՄ շրջանակներում օպտիմալացվում, պարզեցվում, այդ թվում նաև՝ վարկերի ստացման հետ կապված գործընթացը:

Ազգային արժույթով ֆիզիկական անձանց համար մինչև մեկ տարի ժամկետով վարկերի միջին տոկոսը այս տարվա առաջին կիսամյակի դրությամբ՝ Հայաստանում 14.1 է, Բելառուսում՝ 8.9, Ռուսաստանում՝ 13.6, Ղազախստանում՝ 18.2, իսկ Ղրղզստանում՝ 20.2: Իրավաբանական անձանց համար մինչև 1 տարվա վարկերի միջին տոկոսը Հայաստանում 9.9 է, Ռուսաստանում՝ 6.4, Ղրղզստանում՝ 7.3, Ղազախստանում՝ 11.3 և Բելառուսում՝ 12.6 տոկոս:

Սեյրան Սարգսյան — Այն ընկերությունները, որոնք կընդլայնեն իրենց գործունեությունը ԵԱՏՄ երկրներում, սա հնարավորություն կտա այդ երկրներում վարկավորման կամ բանկային գործառույթներից օգտվելու հնարավորությունները կընդլայնի:

Կարեն Սարգսյանի կարծիքով՝ քանի որ միասնական արժույթ գոյություն չունի՝ տնտեսվարողները պետք է հաշվի առնեն երկրների տոկոսադրույքները, քաղաքականությունը և որոշեն՝ որտեղ է ավելի ձեռնտու:

Կարեն Սարգսյան — Այստեղ նաև վարկունակության գնահատման խնդիրը պետք է միասնականացնել, այս առումով հնարավոր է փոփոխություններ իրականացնել: Այսինքն, եթե Հայաստանում, ենթադրենք՝ ինչ-որ մի դասի վարկունակություն ունեցող քաղաքացուն կամ կազմակերպությանը վարկ չի տրամադրվում, հնարավոր է՝ Ռուսաստանում տրամադրեն: Այսինքն՝ սա մի փոքր ավելի խաղի կանոնները կարող է խաթարել, դրա համար պետք է միասնականացնել այս կանոնները:

Համաձայնագրի նախագիծը պատրաստվել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության կողմից։ ԵԱՏՄ նիստի ժամանակ հայտարարվեց նաև, որ հեռավար վարկավորման համար պետք է զարգացնել ինտերնետ-բանկինգի մեխանիզմները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ