Որն է սննդային թունավորման դեպքերի պատճառը

Վերջին շրջանում Երևանում գործող սննդի կետերից օգտված քաղաքացիների շրջանում հաճախ են գրանցվում աղիքային թունավորման դեպքեր: Ի դեպ, նման դեպքեր գրանցվում են նաև Երևանում գործող մանկական կենտրոններում: Միայն այս ամսվա ընթացքում արդեն 5 դեպք է գրանցվել, որոնցից 2-ը՝ մանկական, իսկ 4-ը՝ սննդի կենտրոններում:

Թե ինչո՞վ է պայմանավորված սննդային թունավորման դեպքերի ակտիվությունը վերջին մեկ ամսվա ընթացքում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց՝ այդ հարցը գտնվում է ՍԱՏՄ ուշադրության ներքո. «Մեզ նույնպես դա մտահոգում է: Հարցը պարզելու համար հիմա ուսումնասիրություններ են ընթանում, աշխատանքները շարունակվում են»:

Դանիելյանի խոսքով՝ սնունդը մինչև սննդային կենտրոնում հայտնվելը ենթարկվում է համապատասխան գնահատման: Ունենում է անվտանգ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ: Այսինքն՝ կենտրոններ մուտք գործող յուրաքանչյուր սնունդ անվտանգ է, արդեն ներսում՝ օգտագործման ժամանակ, կարող են առաջանալ որոշ ֆակտորներ, որոնք կարող են պատճառ դառնալ սննդային թունավորման:

«Մենք աշխատանքներ ենք տանում, թե ի՞նչ հումք է օգտագործվել ու ի՞նչ անվտանգության փաստաթղթեր ունի տվյալ ապրանքը: Մի շարք ֆակտորներ են ազդում սննդամթերքի հետ կապված խնդիրների վրա. առաջնային հումքից եկող խնդիր կարող է լինել, երկրորդային աղտոտվածության խնդիր, այսինքն՝ կարող է տվյալ կենտրոնի աշխատակիցները մանրէակիր լինեն: Դրա համար, կապված թունավորման դեպքերի հետ, համակողմանի վերլուծվում են բոլոր հնարավոր աղբյուրները»,- ասաց Դանիելյանը:

Հարցին՝ թունավորման դեպքերը կանխարգելելու համար սննդի կենտրոններում ստուգումներ լինո՞ւմ են, թե՞ ոչ, եթե լինում են, ապա ի՞նչ ժամանակագրությամբ, տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը պարզաբանեց՝ սննդային թունավորման դեպքերը դժվար է կանխարգելել, բայց ՍԱՏՄ-ն առողջապահության նախարարության հետ իրականացնում է անհրաժեշտ ուսումնասիրությունները՝ իր լիազորություններին համապատասխան:

«Ստուգումները լինում են տարբեր կերպ. բարձր ռիսկային տնտեսվարողների շրջանում ուսումնասիրությունը լինում է տարեկան մեկ անգամ, միջին ռիսկային տնտեսվարողների շրջանում՝ 3 տարին մեկ անգամ, ցած տնտեսվարողների շրջանում՝ 5 տարին մեկ անգամ: Թունավորման դեպքերի հետ կապված պետք է հասկանանք, թե ի՞նչ հումք է օգտագործվում կամ օգտագործվել, ի՞նչ մատակարարների կողմից, փորձաքննության համար նմուշներ ենք վերցնում նաև մատակարարներից»:

Սննդային թունավորման առաջին դեպքն այս ամսվա մեջ գրանցվեց Երևանի «Տաշիր պիցցա» հանրային սննդի երկու կետերում սնված քաղաքացիների շրջանում, երբ աղիքային ինֆեկցիա ախտանշանով շուրջ 171 հոգի հոսպիտալացվեց: Այս սննդի կետում թունավորման հիմնական պատճառներից էր եղել հավի միսը՝ սալմոնելա ցուցանիշով:

Հաջորդը մանկական զարգացման «Էլկա» մանկական գեղագիտական կենտրոնում գրանցված դեպքն էր: Այս կենտրոնից 11 երեխա էր հոսպիտալացվել աղիքային թունավորման ախտանշաններով: Պատճառը նույնն էր՝ հավի միսը:

Նույն ախտանշաններով նոյեմբերի 18-22-ը թունավորման դեպքեր են գրանցվել նաև «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններում: 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ: Նոյեմբերի 23-ին էլ հայտնի դարձավ, որ «Տաթև» կրթահամալիրի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ: Նրանք հոսպիտալացվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն և «Մուրացան» հիվանդանոցային համալիր։

Նյութի աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ