![]()
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անհանգստացած ահազանգել է, որ իշխանությունը Pegasus ծրագրի միջոցով իր և մերձավորների հեռախոսների վրա հարձակում է կատարել, որպես դրա ապացույց բերելով Apple ընկերության կողմից ուղարկված նամակը՝ հնարավոր գաղտնալսման վտանգի մասին։
Հասկանալի են իհարկե Արթուր Վանեցյանի վախերը։ Դեռ թարմ է հիշողությունը, թե ինչպես ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ նրա հեռախոսազրույցները վարչապետի և ՀՔԾ պետի հետ գաղտնալսվեցին և հրապարակվեցին։ Վանեցյանը իր պաշտոնավարման ընթացքում այդպես էլ չկարողացավ բացահայտել, թե ովքեր էին գաղտնալսել ԱԱԾ տնօրենի հեռախոսը։ Այս համատեքստում գաղտնալսման վախերը կարծես տարիներ շարունակ այնքան են հետապնդում Վանեցյանին, որ առանց ճշտումներ կատարելու շտապել է մեղադրել իշխանություններին։
Ինչքան էլ այդ ահազանգով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը փորձի կարևորել իր քաղաքական կերպարը, ում իբր թիրախավորել են և գաղտնալսում են, իրականությունը միանգամայն այլ է։ Վանեցյանի հիշատակած Apple-ի հաղորդագրությունները ուղարկվել են ոչ միայն իրեն, այլ հայաստանյան բազմաթիվ օգտատերերի, այդ թվում պատգամավորների և իշխանության ներկայացուցիչների։
Օրեր առաջ Apple ընկերությունը հայց է ներկայացրել իսրայելական NSO Group ընկերության և դրա մայր ընկերության՝ OSY Technologies-ի դեմ` Apple-ի օգտատերերին Pegasus լրտեսող ծրագրերով ենթադրյալ հսկողության և թիրախավորման համար: Եւ հենց այս համատեքստում Apple-ը նախազգուշական հաղորդագրություններ է ուղարկել բազմաթիվ օգտատերերի աշխարհով մեկ։
Կարելի է ենթադրել նաև, որ այս ամենից Վանեցյանը տեղեկացված է, պարզապես հերթական անգամ փորձ կատարեց իր վրա ուշադրություն սևեռել։ Ինչ խոսք, սեփական անձը կարևորելու համար Վանեցյանը ընտրել է իր համար ոչ ցանկալի թեմա, որովհետև Վանեցյանը հիշվում է նաև որպես հատուկ ծառայությունների եզակի ձախողված ղեկավար ում ժամանակին կարողացել են գաղտնալսել և ձայնագրությունը հրապարակել։
![]()