![]()
Նիկոլ Փաշինյանը, այսօր ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով հարցին՝ արդյոք չի՞ ցանկացել իշխանության գալուց հետո վերադարձնել Վանո Սիրադեղյանին երկիր, քանի որ դեռևս «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր եղած ժամանակ շեշտել էր, որ Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ասաց, որ նախկին նախարարի հետ ունեցած իր հարցազրույցից հետո երբեք կապ չի հաստատել նրա հետ։
«Ես ինքս իմ մեջ մտածել եմ, որ 2018-ից հետո կարող էր Սիրադեղյանը իրավապահներին հանձնվել: Դա ասում եմ որպես ընդհատակում եղած և իրավապահներին հանձնված մարդ, քանի որ 2018-ից հետո դատավարության որոշակի օբյեկտիվ պայմաններ կարող էին լինել»։
Խոսելով ներքին գործերի նախկին նախարարի աճյունը ՀՀ տեղափոխելու մասին՝ վարչապետը հիշեցրեց, որ կառավարական հանձնաժողով է ստեղծվել։
«Այո, ես Վանո Սիրադեղյանին անձամբ ճանաչել եմ, նա երկար ժամանակ «Ավետիս Հարությունյան» անունով «Հայկական ժամանակ»-ում տպագրվել է, բայց վարչապետի կարգավիճակում ես որևէ պարագայում աշխատում եմ իմ անձնական համակրանքները և հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել։ Կարծում եմ՝ հանձնաժողովը որոշումներ կկայացնի, ու Վանո Սիրադեղյանի աճյունը կվերադառնա Հայաստան։ Ես այցելել եմ նրա ընտանիքին, ցավակցել նրանց և շատ եմ ցավում, որ ամեն բան այսպիսի ավարտ ունեցավ»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին 75 տարեկան հասակում մահացավ ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, պետական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանը։
![]()