![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր ասուլիսում պատասխանելով «Հանրային հեռուստաընկերության» այն հարցին, թե արդյոք նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 15-ի Փաշինյան-Ալիև հանդիպումները կարո՞ղ են որևէ ազդեցություն ունենալ սահմանային իրավիճակի վրա, և կանխատեսվո՞ւմ է նոր պատերազմ, նշեց՝ Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական քննության կարևոր առարկան պետք է լինի։
«Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն։ Այս թեման այլևս պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում։ Պատերազմից հետո, Ադրբեջանը լինելով հետպատերազմյան էյֆորիայի մեջ, փորձում է կիրառել «պատերազմում հաղթողի» իրավունքը, ինչը ժամանակակից աշխարհում գոյություն չունի։
Մենք համբերատար փորձում ենք կառուցողական ջանքեր գործադրել, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի։ Բայց միջազգային հանրության անդամը պետք է որոշակի չափեր ունենա, ու հետևի այդ չափերին, որովհետև տեղի է ունենում միջազգային չափերի քայքայում։ Ադրբեջանն ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածաշրջանային նկրտումներ է ցուցաբերում։
Ի՞նչ է նշանակում Զանգեզուրի միջանցք, ի՞նչ է նշանակում արևելյան Զանգեզուր, ովքե՞ր են այդ տերմինները հորինում և դա ինչ է նշանակում։ Մենք հայտարարել ենք ու հայտարարում ենք՝ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկում, չենք քննարկել ու չենք քննարկելու։ Բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից»։
![]()