![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ասուլիս է հրավիրել։ Պատասխանելով «Տասս» լրատվական գործակալության հարցին՝ ինչո՞ւ են ինքը և Իլհամ Ալիևը որոշել հանդիպել Բրյուսելում դեկտեմբերի 15-ին՝ դիտարկելով, որ դա դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից, Փաշինյանը նշեց։
«Ես դեռ ամռանը հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակներում ունենալ բանակցություններ և հանդիպումներ Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով։
Մեր երկրների ԱԳ նախարարներն այդ ֆորմատով արդեն հանդիպումներ ունեցել են, և ակնկալում ենք, որ համանախագահությունը կկազմակերպի այդպիսի հանդիպում։ Մենք պատրաստակամ ենք։ Դեկտեմբերի 15-ի հանդիպումը նորություն չէ։ ԵՄ նախագահ Շարլ Միշելը դեռևս ամռանը տարածաշրջան կատարած իր այցի շրջանակներում առաջ էր քաշել այդպիսի առաջարկ։ Ասել էր, որ դեկտեմբերի 15-ին տեղ է ունենալու Արևելյան գործընկերության գագաթաժողովը և գաղափար առաջարկեց կազմակերպել հանդիպում իմ և Իլհամ Ալիևի միջև։ Ես այն չեմ մերժել, ասել եմ՝ դեկտեմբերը, երբ մոտենա, ավելի մանրամասն կքննարկենք։ Երկուսս էլ հաստատել ենք մեր մասնակցությունը գագաթաժողովին և դրա շրջանակներում պատրաստակամություն հայտնել հանդիպել»։
«Արմենպրեսս» լրատվական գործակալության հարցին էլ ի պատասխան՝ այդ հանդիպումից ի՞նչ ակնկալիք ունի ՀՀ-ն, վարչապետը նկատեց՝ կարևոր նրբություն է այն տվյալը, որ տարբեր ֆորմատներում քննարկվող հարցերը փորձելու են չխառնել իրար։
«Կլինեն հումանիրտար հարցեր, գերիների վերաբերյալ հարցեր և ընդհանուր Եվրամիության, Արևելյան գործընկերության շրջանակներում մեր հարաբերությունների հարցեր կքննարկվեն։ Ես չեմ կարծում՝ ճիշտ է ձևավորել ակնկալիք՝ նեգատիվ կամ պոզիտիվ։ Արագ արդյունքների ակնկալություն պետք չէ ձևավորել։ Այո, տարածաշրջանում կա լարվածություն, դրա հաղթահարման համար մենք պետք է բանակցենք։ Շատ կարևոր է, որ ՀՀ-ի ներսում և դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված լուծումներ»։
![]()