![]()
Հակամարտության համապարփակ լուծում՝ ահա թե ինչին պետք է ձգտեն Երևանն ու Բաքուն, իսկ Բրյուսելը պատրաստ է օգնելու այդ ճանապարհին՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը «Լուրերի» հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է նոյեմբերի 16-ին Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիային:
Հարցին, թե կարծիք կա, որ ագրեսիան հնարավոր դարձավ այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից մայիսի 12-ին Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներխուժումը չստացավ համարժեք միջազգային գնահատական, Կլաարը պատասխանել է.
Տոյվո Կլաար (Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ) — Առաջին հերթին կարծում եմ, որ ԵՄ-ն շատ հստակ արձագանքել է այն առումով, որ մենք կոչ ենք արել դուրս բերել և բաժանել ուժերը և սկսել սահմանազատման բանակցություններ։ Մենք նաև նշել ենք, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու դրան։ Կարծում եմ, որ ԵՄ-ն շատ հստակ արձագանքեց այդ զարգացումներին: Հենց հիմա տեսնում ենք, որ ներգրավված է նաև Եվրոպական խորհրդի նախագահը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը, շրջանցելով աշխարհի՝ ոչ հասցեական և կողմերի միջև հավասարություն դնող հայտարարություններին վերաբերող հարցը, շեշտեց՝ ԵՄ կարևորում է բռնության դադարեցումն ու սահմանազատման բանակցությունների մեկնարկը:
![]()