Արմեն Չարչյանի անձեռմխելիության հաղթահարման իրավական բացի հարցով դատարանը չի դիմի ՍԴ. միջնորդությունը դատարանը մերժեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբանի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ երեկ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։

Միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արմեն Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, գործող կարգավորումների համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մի քանի օր առաջ էր հիվանդանոցից տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Հիվանդանոցում նա հայտնվել էր կրկին առողջական վիճակի կտրուկ վատթարման հետևանքով:

Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Հուլիսի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը 15 միլիոն դրամ գրավի դիմաց: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Օգոստոսի 23-ին վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ