Գուրգենի հերոսության մասին պատմում է ծառայակից ընկերը

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հերթական հարձակման հետեւանքով զոհված 31-ամյա Գուրգեն Սարգսյանի արիության մասին չեն դադարում հիացմունքի խոսքերը:

Գուրգենի մարդ տեսակի եւ սխրագործության մասին մեծ դժվարությամբ, բայց եւ հպարտությամբ «Հայկական ժամանակի» հետ խոսել է նրա ծառայակից ընկերը՝ Թորգոմ Զաքարյանը: Թորգոմը պատմել է 20 տարվա իր ընկերոջ կյանքը խլած չարաբաստիկ օրվանից որոշ դրվագներ: Նրանք գյումրեցի են, նույն գումարտակից են եղել, երկուսն էլ՝ պայմանագրային զինծառայողներ:

Թորգոմի խոսքով՝ նոյեմբերի 16-ին՝ ադրբեջանական հարձակման օրը, ինքը թիկունքն է պահել, Գուրգենը՝ մարտ մղել: Գուրգենը դիրքի ավագն է եղել, իր դիրքի տղաների հետ շրջափակման մեջ է հայտնվել: Ծանր մարտեր են մղել տղաները հակառակորդի0 մեծաքանակ զորքի դեմ: Գուրգենը վիրավոր է եղել, մի քանի հոգով են եղել, կռիվ տվել անձնազոհաբար: Երբ արդեն փամփուշտները վերջացել են, Գուրգենն արել է այն, ինչը համարել է այդ իրավիճակի համար միակ նպատակահարմար լուծումը. պայթեցրել է իրեն և իր դիրքը՝ մի քանի ծառայակիցների հետ:

«Միշտ ասում էր՝ իմացի, ես երբեք գերի ընկնողը չեմ, ավելի լավ է՝ անեմ… ու արեց»,- հազիվ լսելի ձայնով հիշում է Թորգոմն ու վրա բերում՝ մեր ընկերը մեզ խրատեց, որ ուժեղ պիտի լինենք:

Գուրգենի հետ մարտեր մղած տղաներից երկուսի ինքնությունն արդեն հայտնի է (Դավիթ Ամիրյան, Արթուր Մարտիրոսյան): «Այսօր նրանց հուղարկավորությունն է եղել: Այդ մարտում զոհված տղաները բացի ծառայակից լինելուց, Գուրգենի հետ գաղափարակից ընկերներն էին՝ չհանձնվող տեսակ»:

Թորգոմն ասում է՝ նրանց ճանաչելով վստահ էր՝ այլ կերպ վարվել այդ տղաները չէին կարող:

Նրա խոսքով՝ Գուրգենն ընտրյալ էր՝ քաջ ու կոփված, միեւնույն ժամանակ՝ բարի ու նվիրվող. «Դպրոցից, հետո բանակային տարիներից ենք հատկապես մտերմացել, սկսել ընկերություն անել: 44-օրյա պատերազմի ժամանակ էլ էինք միասին: Շատ հասնող էր, իր պես նվիրվող ու ընկերության համար ամեն ինչ անող այլ մարդ ես չեմ ճանաչում»:

Գուրգեն Աշոտի Սարգսյանը ծնողների միակ արու զավակն էր, ունի իրենից մեծ մեկ քույր: 44-օրյա պատերազմից հրաշքով փրկված զինվորականն իր կյանքը տվեց Սիսիանի հատվածում մղվող մարտերում: 2016 թվականից անցել էր պայմանագրային զինվորական ծառայության, Վանաձորի «ԴՈՒՑ»-ի զորամասում էր ծառայում:

Գուրգեն Աշոտի Սարգսյանը ծնվել է 1990 թվականի մարտի 5-ին, զոհվել՝ 2021 թվականի նոյեմբերի 17-ին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ից, Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար փոխհրաձգություն էր սկսվել ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև։ Փոխհրաձգությունը սկսվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը պահանջել էր հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել էին կատարել այդ պահանջը:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ հայ և ադրբեջանական ուժերի միջև ընթացող մի քանի ժամյա մարտերը դադարել էին նույն օրը՝ ժամը 18:30-ին՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ