![]()
Մեր զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը
Օրերս Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց ինժեներական զորքերի առկայությունը դառնում է կենսական անհրաժեշտություն: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, նախկինում եղե՞լ են այդպիսի զորքեր:
Իհարկե, մենք ինժեներական վարչություն ունենք, որն ունեցել է իր ենթակա զորամասերը: Այս պահին դա իսկապես անհրաժեշտ է: Դա մեր բանակին կտա այն, որ բոլոր մեր խրամատները, դիրքերը, ինժեներական կառույցները կարողանանք ամրացնել, հզորացնել, ուժեղացնել:
Մինչև հիմա ինչո՞ւ նման զորքեր չեն ստեղծվել, պատերազմից անցել է մեկ տարուց ավելի:
Ինժեներական վարչությունը հիմա էլ կա, բայց համալրվածությունը ցածր է, պետք է համալրվի, տեխնիկա ունենա: Ու նաև մարդիկ պետք է լինեն, որ աշխատեն այդտեղ:
Այսինքն այս մեկ տարում այդ ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվե՞լ է:
Իհարկե կատարվել է, բայց դա չի բավարարում, լիարժեք չի: Մենք պետք է ուշադրություն դարձնեն դրա վրա: Եվ զինենք տեխնիկապես, և մասնագետներով համալրենք:
Մասնագետների պակաս ունե՞նք:
Դե եթե հաստիքները լինեն, մասնագետներ կճարվեն: Սա պետք է դիտարկվի առաջնային խնդիր:
Վերջին օրերին շատ են հնչում կարծիքներ, որ մեր բանակը բարոյալքվել է: Ի՞նչ վիճակում է մեր բանակն այսօր:
Մեր բանակը բարոյալքված չէ, նոյեմբերի 16-ին ևս մեր բանակը ցույց տվեց, որ բարոյալքված չէ, կարող է իր սահմանները պահի և իր առջև դրված խնդիրները կատարի:
Բայց թշնամին կարողացել է երկու դիրք գրավել:
Դուք չեք հետևո՞ւմ, թե քանի զոհ է տվել թշնամին, ինչքան թշնամու տեխնիկա է խոցվել: Այդ բնագիծը, որ իրենք մտել են, դրա կողքերը մերոնք են, ցանկացած պահին կարող են հետ վերցնել: Բայց դա հետ վերցնելու համար իմաստ ունի՞ նոր զոհեր տալ, այդ խնդիրն էլ կա:
Բայց եթե այսպես շարունակվի մենք արդյոք դիրք առ դիրք զիջելով չենք նահանջի:
Ոչ, պետք է համբերել: Դուք համբերություն չունեք: Էն մարդիկ 25 տարի սպասեցին, մենք մի տարի չենք կարողանում դիմանալ: Անընդհատ հարցեր եք տալիս, թե՝ ինչ եղավ, ինչու սա չենք անում, նա չենք անում: Նայեք ձեր շուրջը, բոլորը բանակի դեմ են, իշխանությունների դեմ են: Այս պայմաններում մենք կարո՞ղ ենք ուժեղանալ, չենք կարող:
Վարչապետն էլ հայտարարեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված Ռուսաստանի ՊՆ-ն նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկներ է արել, որոնք մեզ համար ընդունելի են: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ առաջարկների մասին է խոսքը:
Մենք պետք է գնանք սահմանազատման և սահմանագծման: Հիմա այնտեղ ռուսների մոտ քարտեզներ կան 1926 թվականի, 1930 թվականի: Հիմա թե որ քարտեզներն են առաջարկել, իրենք տեղյակ են և ասում են, որ ձեռնտու է մեզ դա: Կամ այդտեղ այնքան դեռ վիճելի խնդիրներ կան, որ… ի՞նչ է, ասենք՝ չենք ուզում սահմանազատում ու սահմանագծո՞ւմ, չենք ուզում խաղաղությո՞ւն: Հիմա դուք ո՞նց եք կարծում, մենք պետք է խաղաղություն ուզենք, թե՞ պատերազմ: Մենք դե՞մ ենք սահմանազատմանն ու սահմանագծմանը: Ես ուզում եմ հասկանալ, թե ընդդիմությունն ինչ է ուզում, ուր է բրդում:
Նրանք ասում են, որ նախ պետք է այս իշխանություններին հեռացնենք: Ռոբերտ Քոչարյանն էլ այդ օրը հրապարակում մարդկանց էր հավաքել:
Քոչարյանը թող հրապարակում չհավաքեր, էդ ժողովրդին հավաքեր ու գնար սահման: Իրենք իրականում ուզում են էս երկիրը տապալեն, Հայաստան աշխարհը վերացնեն: Ղարաբաղի գլուխը կերան, հիմա էլ Հայաստանի գլուխն են ուզում ուտեն:
![]()