![]()
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 61-ամյա Սերյոժա Աբրահամյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, զանգահարել է 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո վարորդն ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հովհաննես Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում վարորդի ինքնազգացողությունը վատացավ, և բժիշկները Ա. Դադոյանի ուղեկցությամբ նրան տեղափոխեցին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Մարտին Սահակյանի և Շավարշ Հովսեփյանի գլխավորությամբ։
Վերջիններս կարճ ժամանակում պարզեցին մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 60-ամյա Ալեքսանդր Իվանովն էր։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Վարդան Նիկոլյանն ու Ռուսլան Միրզոյանը։
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել վերգետնյա անցումից մոտ 300 մետր հեռավորության վրա, ու եթե հետիոտնը անցներ նշված վայրով, ապա դեպքը տեղի չէր ունենա։
![]()