![]()
Նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանին Ադրբեջանը հերթական սադրանքն իրականացրեց, որը 44-օրյա պատերազմից հետո ամենամեծ բախումն էր հայ-ադրբեջանական սահմանին։
Ադրբեջանը ռազմական սադրանքին զուգընթաց տեղեկատվական դաշտում էլ էր պատերազմում, և խիստ պատահական՝ նոյեմբերի 16-ի հարձակումից օրեր առաջ, Հայաստան էր ժամանել Wargonzo-ի լրագրող Սեմյոն Պեգովը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում էլ մեծ արտոնություններ էր ստացել Արցախում և հայտնվում էր պատերազմի ամենաթեժ կետերում ու ռազմավարական նշանակություն ունեցող տեղանքներում՝ հաղորդելով տեղեկություններ, որոնք առնվազն օգնում էին ադրբեջանական զինված ուժերին թիրախավորելու դրանք և, մյուս կողմից էլ, հայ հանրության շրջանում ստեղծում տպավորություն, թե անձամբ Պեգովը հայերից էլ շատ է ուզում հաղթել և դրա համար պատրաստ է անգամ կյանքը չխնայել։
Պեգովը մինչ նոյեմբերի 16-ը Արցախում էր՝ Շուշիում ադրբեջանական ուժերի սադրանքի ընթացքում նա զբաղված էր Արցախի ԱԱԾ հատուկ նշանակության ուժերի զինծառայողների ծառայությունը տեսանկարահանելով՝ տեղորոշելով նրանց ծառայության վայրերը գյուղական սահմանագոտում։ Իսկ նոյեմբերի 16-ին՝ ադրբեջանական հարձակման օրը, ռուս լրագրողը հայտնվեց Սիսիանում՝ կրկին պատերազմի թեժ կետում՝ մանրամասն ներկայացնելով հայկական զինված ուժերի գործողությունները և անգամ ռազմական ոստիկանության ներկայությունը, աշխատանքը Սիսիան քաղաքում։
Ի դեպ, Wargonzo-ի հիմնադիրը Արամ Գաբրիելյանովն է, որը անցած ԱԺ ընտրությունների ընթացքում զբաղված էր Ռոբերտ Քոչարյանի և նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքի փիառով՝ իրականացնելով էքզիթփոլ. Գաբրիելյանովի ռուսական ընկերությունը հայտարարել էր, թե «Հայաստան» դաշինքը 41% ձայն կստանա, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 21%, որը հեռու էր իրական պատկերից։
Նշենք, որ համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ Wargonzo-ի լրագրող Սեմյոն Պեգովի հետ լավ հարաբերությունների մեջ է Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, և պատկերը ավելի պարզ է դառնում, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Սեմյոն Պեգովին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը: Վերջինս Civic.am-ի հետ զրույցում չհերքեց Պեգովին հանդիպելու մասին լուրը և այն համարեց պատահական.
«Ես չեմ դիմավորել, ես գնացել էի մարդ դիմավորելու, իրան տեսա պատահական, բարևեցի, ուրիշ ոչ մի բան»,- ասաց Ղազինյանը և, պատասխանելով հարցին՝ արդյոք ծանո՞թ է Պեգովին, բացասական պատասխան տվեց՝ պնդելով, թե ուղղակի ընդհանուր ծանոթ կար, և այդպես ստացվեց հանդիպումը։ Իսկ թե ով էր այդ ընդհանուր ծանոթը՝ Ղազինյանը չբացահայտեց։
![]()