![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։
![]()