![]()
Աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է։ Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Իրանի նախագահը ողջունել է Կովկասում հանգստություն և կայունություն հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը։ Աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է»,- հայտարարել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ռայիսին ընդգծել է, տարածաշրջանային հարցերի ժամանակ անհրաժեշտ է երկու երկրների համագործակցությունը։
Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Ռայիսիին տեղեկացրել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված ռուսական կողմի քայլերի մասին։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանը կդիմի Մոսկվային՝ օգնություն տրամադրելու համար։ «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կլինի վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
![]()