![]()
Սուրեն Պապիկյանը, պաշտպանության առումով, լինելու է մեր պատմության մեջ լավագույն նախարարը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով է արդարացի Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար:
Հիշեցնենք՝ այսօր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, նրան փոխարինել է արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Սիմոնյանի խոսքով՝ Պապիկյանին այդ պաշտոնում նշանակելը ճիշտ որոշում է. «Պաշտպանության նախարարի հրաժարականը եղել է վարչապետի որոշումը: Պարոն Պապիկյանի նշանակումը ես համարում եմ ճիշտ և ողջունելի քայլ: Նման աշխատասեր և ամբողջ իրավիճակին տիրապետող մարդուն նման ոլորտ վստահելը շատ կարևոր և ճիշտ քայլ է»,- ասաց նա:
ԱԺ նախագահը ընդգծեց՝ զուտ պետք է տարբերել մասնագիտական գիտելիքները, որը շտաբի պետի գործառույթն է, և քաղաքական պաշտոնը, որը իրենից ներկայացնում է նախարարի պաշտոնը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին էլ՝ ինչու պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրաժարականին չհաղորդեց ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնից ազատումը, Սիմոնյանն ասաց. «Ոչ, չպետք է հաջորդեր: Եթե պետք լիներ, որ լիներ այդպես, կլիներ: Իրավիճակի վերլուծությունը տվել է այդ հարցի պատասխանը, որ ոչ՝ չպետք է հետևեր»,- հավելեց նա:
![]()